«Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոն եւ խմբի անդամները:
Գործընկերներին մայիսի 6-ին Ազգային ժողովում հյուրընկալել են Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Խաչատրյանը, խմբի անդամներ Տաթեւիկ Գասպարյանը, Վահե Ղալումյանը եւ Արգիշտի Գեւորգյանը:
Անդրադարձ է եղել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, հարեւան երկրների հետ համագործակցությանը, առաջիկայում մեր երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Զրուցակիցները կարեւորել են երկկողմ կապերի սերտացմանն ուղղված ջանքերը եւ այս հարցում ընդգծել խորհրդարանական արդյունավետ աշխատանքը, մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունների բարենպաստ օգտագործումը: Նշվել է, որ, մասնավորապես, զբոսաշրջության ու տնտեսական ոլորտում կա գործակցությունը զարգացնելու զգալի ներուժ: Կարեւորվել է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը: Վերոնշյալ հարցերի համատեքստում ընդգծվել է երկու երկրներում դեսպանությունների բացման անհրաժեշտությունը:
Կողմերը բարձր են գնահատել ժողովրդավարական գործընթացներին ու խաղաղությանն ուղղված քայլերի առաջմղումը երկրների զարգացման ու բարգավաճման հարցում: