«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը մայիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանում անցկացված ԵՔՀ գագաթնաժողովի արդյունքներին, Կարապետյանի դատական գործի առանձնահատկություններին և վերջինիս ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև առկա հիմնական տարբերություններին:
Փաստաբանը նաև մեկնաբանել է կուսակցության ներկայացուցիչների գաղտնալսումների և իրավապահների գործողությունների թեմաները:
Ամստերդամը քննադատել է ԵՔՀ գագաթնաժողովը՝ նշելով, որ այն չի ենթադրել որևէ ներդրումային պարտավորություն ՀՀ-ի հանդեպ։
«Էական որևէ խոստում չտրվեց հայ ժողովրդին, մեկ օգուտ, որը շոշափելի կլիներ երևէ հայի։ Ներկայացվեցին Հայաստանից զատ այլ երկրների շահերը, ավելին՝ ոտնձգություններ արվեցին Հայաստանի դաշնակից պետությունների հանդեպ»,- հայտարարել է նա։
Փաստաբանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի նախագահն իր ելույթում հայ քրիստոնյա նահատակներին անվանել է պատերազմական հանցագործներ և հավակնում է հաջորդ գագաթնաժողովն անցկացնել իր երկրում: Այս համատեքստում Ամստերդամը անդրադարձել է նաև Փաշինյանի դիրքորոշմանը՝ նշելով, որ նա չի բարձրաձայնել հայկական կողմի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը։
«Վարչապետը մեկ անգամ նույնիսկ հրապարակավ չհիշատակեց ո՛չ քաղաքական բանտարկյալներին, ովքեր ահավոր պայմաններում պահվում են Բաքվում կամ այն փաստը, որ այսօր Հայաստանի տարածքի 200 ք/կմ բռնազավթված է։ Փոխարենը, նա հաճոյախոսություններ նոր փոխանակեց ադրբեջանցիների հետ՝ կարծես այս շատ էական խնդիրներից որևէ մեկը անդրադարձի կարիք չունի»,- ասել է նա:
Ամստերդամի պնդմամբ՝ Եվրոպան ցույց է տվել իր նախապատվությունը Փաշինյանի պաշտոնավարման հարցում՝ անտեսելով այն փաստը, որ ընդդիմության առաջնորդ Սամվել Կարապետյանը զրկված է նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունքից։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ բանախոսը նշել է, որ Փաշինյանը ժողովրդական առաջնորդ չէ և կիրառում է ավտորիտար ղեկավարներին բնորոշ մեթոդներ։ Ըստ փաստաբանի՝ վարչապետի նպատակն է նվազեցնել ընտրողների մասնակցությունը՝ իշխանությունը միայն հավատարիմ զանգվածի հաշվին պահելու համար։
Ամստերդամը նաև աննախադեպ է համարել Փաշինյանի ատելության խոսքը եկեղեցու հասցեին և նրա բիրտ վերաբերմունքը Արցախից տեղահանվածների նկատմամբ:
Փաստաբանը Սամվել Կարապետյանի դատական գործը որակել է «յուրահատուկ»՝ նշելով, որ իր վստահորդին քաղաքականություն մտնելու հիմնական դրդապատճառը Փաշինյանի քննադատությունն էր եկեղեցու հասցեին։
Ըստ Ամստերդամի՝ Կարապետյանը սպասարկում է հայկական շահերը, մինչդեռ Փաշինյանը՝ օտար։
Բանախոսի գնահատմամբ՝ Փաշինյանի գործողությունները, ատելության խոսքը, աննախադեպ են նույնիսկ միջազգային պրակտիկայում։ Ըստ նրա՝ վարչապետն օգտագործում է բառամթերք, որն «ապշեցնում է մարդկության գիտակցությունը» և նպատակ ունի հասարակության մեջ վախ ու անտարբերություն սերմանել։
Մեկնաբանելով իրավապահների կողմից իրականացված գաղտնալսումներն ու քրեական գործերը՝ Ամստերդամը դրանք անվանել է «ավտորիտար չարաշահումների ստանդարտ ձեռնարկ»։
«Այդ բոլոր գործողությունները կապված են վարչական և պետական ռեսուրսների չարաշահման հետ՝ հօգուտ սեփական թեկնածուի»,- պարզաբանել է նա։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, ապրիլի 17-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը, ապրիլի 30-ին մերժել այն վերացնելու և վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։
