Ավանդույթ և արդիականություն. ՀԳՊԱ-ն ամփոփում է 80-ամյա հոբելյանը․ «Վերնատուն»

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում օրերս տեղի ունեցավ «Ավանդույթն ու արդիականությունը գեղարվեստում» խորագրով գիտաժողովը, որն ամփոփեց բուհի 80-ամյակին նվիրված միջոցառումները: Սա ակադեմիայի պատմության մեջ առաջին արվեստաբանական գիտաժողովն է և նպատակ ունի դառնալ ամենամյա: ՀԳՊԱ արվեստագիտության ամբիոնի վարիչ Զարուհի Հակոբյանի և դասախոս, կուրատոր Նարե Սահակյանի հետ փորձել ենք հասկանալ, թե 80-ամյա կրթօջախն ինչպես է վերաիմաստավորում իր անցյալն ու տեսնում ապագան։

«Վերջին տարիներին մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում հետազոտական բաղադրիչին, այն ակադեմիայում ուժեղացնելու համար։ Այս գիտաժողովը կարևոր սկիզբ էր այդ հարթակն աշխուժացնելու և համընկավ ակադեմիայի 80-ամյակի հետ։ Մեր խնդիրն էր այս հարթակի շուրջ հավաքել մեր այսօրվա գործող դասախոսներին, ովքեր ավարտել են ակադեմիան և իրենց դասախոսական պրակտիկան սկսել հենց այստեղ, նաև արտասահմանյան մասնակից, որը նույնպես առնչություն է ունեցել Գեղարվեստի ակադեմիայի հետ․ սովորել է էստեղ, լեզուն յուրացրել է և որի ուսումնասիրության թեման վերաբերվում է հայ արվեստին»,- ասում է Զարուհի Հակոբյանը։

«Տեսլականը, որ մենք ունենք ակադեմիայի համար, մտածող-ստեղծագործողներ, մտածող արվեստագետներ պատրաստելն է, ինչը ենթադրում է արվեստաբանության և ստեղծագործության ամուր կապ։ Դա մեր բուհի հիմնական առանձնահատկությունն է, որ արվեստաբանությունն անմիջականորեն, ըստ էության նաև ֆիզիկապես կապված է արվեստի արտադրության հետ, և այս գիտաժողովն այդ կապը հաստատելու լավագույն միջոցն էր։ 80-ամյակի կարևոր ուղերձն այն է, որ նայենք պատմությանը և միաժամանակ ունենանք ապագայի տեսլական»,- նշում է Նարե Սահակյանը։

Leave a Comment