2025-ի դեկտեմբերից առ այսօր Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 34 հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն. Աննա Վարդապետյան




1lurer.am  Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից ուսումնասիրություններ են իրականացվել Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ընթացքում:


 


Նրա խոսքով՝ 2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Դատախազության կողմից հասցեագրվել են միջնորդագրեր: Միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են. 


 


Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 97 հասցե),


«Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջներին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե),


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե),


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցե),


«Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 88 հասցե):


«Դատախազության միջնորդագրերի հիման վրա՝ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 34 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է 86 շենք-շինություն, ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:


 


Հիշեցնեմ, որ 2026 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել էին ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից՝ բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցված քոթեջը, ինչպես նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը: Նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները վարձակալության իրավունք չեն ունեցել:  


 


2026 թվականի մարտին ապամոնտաժվել էին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝  բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը, ապամոնտաժվել էին ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն փաստացի պատկանող առանձնատունը:


 


Դատախազությունը 2026 թվականի փետրվարի 2-ին տեղեկացրել էր նաև, որ 2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը)»,- ասաց նա:


 


 


Leave a Comment