Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին դատապարտել է դիփֆեյք (deepfake) տեխնոլոգիայով ստեղծված լուսանկարի տարածումը, որտեղ նա ներքնազգեստով պատկերված է անկողնում։ Նա դժգոհել է, որ արհեստական բանականության օգնությամբ ստեղծված նմանատիպ պատկերներն օգտագործվում են իր դեմ հարձակումներ գործելու համար։
Մելոնին տարաձայնությունների տեղիք տված լուսանկարը կիսել է Ֆեյսբուքում։ Դրան կից նա հրապարակել է մի գրառում՝ ենթադրաբար ինչ-որ Ռոբերտոյի կողմից, ով, ըստ ամենայնի, ինքն էր տարածել այդ լուսանկարը սոցիալական հարթակներում՝ կից մեկնաբանելով, թե Մելոնին պետք է «ամաչի» իր համար։
Մելոնին զգուշացրել է սոցիալական հարթակներում նման պատկերները առանց ստուգելու տարածելուց։
«Դիփֆեյքերը վտանգավոր գործիք են, քանի որ դրանք կարող են խաբել, մանիպուլյացիայի ենթարկել և թիրախավորել ցանկացած մեկին։ Ես կարող եմ պաշտպանել ինձ, բայց շատ ուրիշներ՝ ոչ»,- զգուշացրել է նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ։
Դեռևս պարզ չէ՝ արդյոք Մելոնին կհայտնի՞ միջադեպի մասին իրավապահ մարմիններին, ինչպես նրան հորդորում էին անել գրառման մեկնաբանություններում։ Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ լուսանկարի մոնտաժն «իրականում իրեն շատ ավելի գրավիչ է դարձրել»։
«Բայց փաստը մնում է փաստ. հարձակվելու և սուտ հորինելու համար մարդիկ այժմ օգտագործելու են բացարձակապես ամեն ինչ»,- գրել է նա։
Սա առաջին դեպքը չէ, երբ Իտալիայի առաջին կին վարչապետի պատկերը հանրային արձագանք է առաջացնում։ Փետրվարին եկեղեցական-պետական փոքրիկ սկանդալ էր բռնկվել այն բանից հետո, երբ հռոմեական եկեղեցիներից մեկում հայտնվել էր մի քերովբեի պատկեր, որը զարմանալիորեն նման էր Մելոնիին։
Այն ժամանակ Մելոնին մանիպուլյացիային հումորով էր վերաբերվել։
«Ո՛չ, ես հաստատ հրեշտակի նման չեմ»,- գրել էր նա սոցցանցերում՝ լուսանկարին կից ավելացնելով ծիծաղող-լացող էմոջի։
