Մեր տաղանդավոր հերոսը ծնվել է 103 տարի առաջ՝ 1923 թվականի օգոստոսի 15-ին, Սալոնիկի բարեկեցիկ հայկական ընտանիքներից մեկում: Վոկալի դասեր է առել իտալացի երգիչների մոտ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միացել է հունական ԷԼԱՍ դիմադրության շարժմանը, ապա ձերբակալվել: Համակենտրոնացման ճամբարում կտտանքների հետևանքով, գրեթե կորցրել է տեսողությունը: Բարեբախտաբար, Արթուր Այդինյանը փրկվեց վերահաս մահից:
1947 թվականին «Չուկոտկա» շոգենավով նա ընտանիքի հետ ներգաղթեց Հայաստան և շուտով, աչքի զննություն անցնելու նպատակով, մեկնեց ծովեզերյա Օդեսա, որտեղ գտնվում էր Խորհրդային Միության ամենահայտնի մասնագիտական կլինիկան: Եվ իսկապես, բժիշկները կարողացան մասնակիորեն վերականգնել երգչի տեսողությունը:
Այնուհետև սկսվեց բուռն ստեղծագործական ուղին՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, Կոմիտասի անվան պետական երաժշտանոց, աշխատանք Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում՝ որպես մենակատար, հանդիսականի սեր և նոր, հեղինակավոր բեմեր։
Արթուր Այդինյանի կյանքի պատմությունը կինոբեմադրիչ Գրիգոր Մելիք-Ավագյանի համար հիմք դարձավ 1956 թվականին նկարահանված «Սիրտն է երգում» ֆիլմի սցենարի համար: Ի դեպ, 33-ամյա Արթուրն էլ հենց մարմնավորեց կույր երաժշտի՝ Կարենի կերպարը՝ էկրանին հայտնվելով հռչակավոր Հրաչյա Ներսիսյանի, Վահրամ Փափազյանի և Դավիթ Մալյանի կողքին:
Արթուր Այդինյանը մահացավ 1997 թվականի սեպտեմբերի 2-ին Օդեսայում, որտեղ երկար տարիներ աշխատել էր օպերային թատրոնում: Նրա հոգեհանգստի արարողությունը կատարվեց քաղաքի հայկական եկեղեցում: Արթուր Այդինյանը 1960 թվականից Հայաստանի ժողովրդական արտիստ էր: