Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար և ինձ համար անընդունելի է, Հայաստանն ազատ երկիր է. Սիմոնյան




 

Հայկական ժամանակ․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բելառուսի իշխանություններին մեղադրել է 44-օրյա պատերազմի նախապատրաստման հարցում Ադրբեջանին օգնելու համար։


 


Այս կարծիքը Սիմոնյանը հայտնել է մայիսի 6-ին լրագրողների հետ զրույցում։


 


Մեկնաբանելով նախօրեին Բելառուսի ԱԳՆ-ի կողմից Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին հանձնված բողոքի նոտան՝ ԱԺ ղեկավարը հայտարարել է. «Չեմ մեկնաբանում։ Բելառուսը Բելառուս է, Հայաստանը՝ Հայաստան։ Ես իմ երկրի պատասխանատուն եմ»:


 


Հարցին՝ արդյոք իր հայտարարություններն ավելի չե՞ն վատացնի երկու երկրների հարաբերությունները, Սիմոնյանը պատասխանել է. «Հայաստանի նկատմամբ, ՀԱՊԿ գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները:


 


Շատ տարբեր բաներ են վատացնում հարաբերությունները, և քաղաքական կուրսն ամեն պետության ընտրության հարց է: Հայաստանի համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են, և, ես կարծում եմ, որ ամեն պետություն իր օրինակն է ընտրում: Մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրենք՝ մի քիչ այլ ճանապարհ, ոչ այնպիսին, ինչպիսին Հայաստանը»։


 


Պատասխանելով ոչ դիվանագիտական ձևակերպումների մասին հարցին՝ Սիմոնյանը հայտարարել է, որ դա իր բնավորությունն է, բացի այդ՝ խորհրդարանական գործունեությունն իրեն չի կաշկանդում ձևակերպումների մեջ՝ ի տարբերություն դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչների։


 


«Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու է։ Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար և ինձ համար անընդունելի է։ Հայաստանն ազատ երկիր է իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով, օրենքի գերակայությամբ»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը։


 


 


 


 


Leave a Comment