«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին չհավատալ այն կեղծ տեղեկություններին, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարածում է իրենց քաղաքական ուժի դեմ:
Կարապետյանը «ֆեյք» է որակել սոցիալական ցանցերում և կոնտեքստային գովազդների միջոցով տարածվող տեղեկությունները, թե իբր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կոչ է արել աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում կամ մտադիր է իր ձայները տալ Ռոբերտ Քոչարյանին:
Մեկնաբանելով իշխանությունների այն թեզը, թե Կարապետյանի գլխավորած ուժը մտադիր է իր ձայները տալ Քոչարյանին՝ Նարեկ Կարապետյանը հիշեցրել է, որ նախկին նախագահի և գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած ընդդիմադիր ուժերը համաձայնել են իրենց ձայները տալ այն ընդդիմադիր թեկնածուին, ով ձայների հաշվարկի արդյունքում կզբաղեցնի առաջին տեղը: Միաժամանակ, ըստ հանրային կարծիքի բոլոր հարցումների, այդ առաջատարն այսօր Սամվել Կարապետյանն է:
«Անգամ ընդդիմադիր առաջնորդներ են հայտարարել, որ իրենց ձայները տալու են ընդդիմության առաջին՝ ամենաշատ ձայն հավաքած ուժին, այսինքն՝ Սամվել Կարապետյանին: Մենք ոչ մի դեպքում մեր ձայնը բացի Սամվել Կարապետյանից ուրիշ քաղաքական ուժի չենք տալու, որովհետև ունենք պրինցիպիալ դիրք, որ Հայաստանի խնդիրների պատճառն այն է, որ չունենք ղեկավար, ով տնտեսագետ է եղել, ով կարող է աղքատությունից հանել մեր երկիրը»,- նշել է նա։
Կարապետյանը անընդունելի է համարել նմանատիպ կեղծ լուրերի տարածումը բյուջետային միջոցների հաշվին ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսության եթերով:
«Իրենք անգամ չեն խորշում օգտագործել պետության կողմից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությունը»,- շեշտել է Կարապետյանը։
Անդրադառնալով սոցիալական ցանցերի խմբերում տարածվող այն տեղեկատվությանը, թե իբր Սամվել Կարապետյանը կոչ է արել աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում՝ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ գործող իշխանություններն այնպիսի վիճակի են հասցրել երկիրը, որ Հայաստանն այսօր ունի բազմաթիվ սեփական չլուծված խնդիրներ և այլ պետությունների հարցերով զբաղվելու կարիք չունի: Նա ընդգծել է, որ նման լուրերը բացառապես իշխող ուժի կողմից հորինված մանիպուլյացիաներ են:
«Սամվել Կարապետյանն այսպիսի բան չի ասել, սա ՔՊ-ի սուտն է: Պատկերացրեք՝ ասում են Ուկրաինայի պատերազմում… Հայաստանը դեռ իր հարցերը չի լուծել, այնպիսի վիճակի են ՀՀ-ն բերել, որ մենք այնքան հարց ունենք լուծելու, որ հաստատ ուրիշ երկրի հարցերով զբաղվելու կարիք չկա»,- նշել է նա:
Եզրափակելով՝ Կարապետյանը կոչ է արել քաղաքացիներին չտրվել վախի մթնոլորտին և չհավատալ իշխանական քարոզչամեքենայի տարածած ապատեղեկատվությանը։ Նա ընդգծել է, որ միայն Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ է հնարավոր երկիրը դուրս բերել պարտությունների և պատերազմների շղթայից ու հաստատել իրական զարգացում։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին, որոնց կմասնակցեն 19 կուսակցություններ և դաշինքներ։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին և կավարտվի հունիսի 5-ի կեսգիշերին։
