ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը – armeniatoday.am

Հորմուզի նեղուցով նավերի դուրսբերման «Ազատություն» նախագիծը կարճ ժամանակով կասեցվելու է՝ Իրանի հետ համաձայնագրի վերջնական մշակման և ստորագրման հնարավորությունները գնահատելու համար, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփի խոսքով՝ որոշումը կայացվել է Պակիստանի և մի շարք այլ երկրների խնդրանքով, ինչպես նաև Իրանի հետ բանակցություններում գրանցված առաջընթացի արդյունքում։

«Մենք որոշել ենք կարճ ժամանակով դադարեցնել «Ազատություն» նախագիծը՝ հասկանալու համար, հնարավոր կլինի՞ վերջնական համաձայնության հասնել Իրանի հետ»,- գրել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կսկսի օգնություն ցուցաբերել Հորմուզի նեղուցում արգելափակված և այնտեղից դուրս գալ ցանկացող նավերին։ Նրա խոսքով՝ խոսքը այն երկրների նավերի մասին է, որոնք առնչություն չունեն Վաշինգտոնի և Թեհրանի հակամարտության հետ։

Թրամփը նշել էր, որ նախաձեռնությունն ունի մարդասիրական բնույթ, քանի որ արգելափակված նավերի անձնակազմերը հաճախ բախվում են սննդի պակասի և այլ խնդիրների։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ:  Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։

ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։

Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։

Leave a Comment