Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մայիսի 6-ին Պեկինում հանդիպել է իր չինացի գործընկեր Վան Իի հետ: Սա Արաղչիի առաջին պաշտոնական այցն է Չինաստան 2026 թվականի փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված պատերազմից ի վեր:
Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկին սպասվող այցից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Կողմերը քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող լարվածությունը և տարածաշրջանային անվտանգության հարցերը:
Արաղչին վերահաստատել է, որ ճգնաժամը ռազմական լուծում չունի, իսկ Չինաստանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Չինաստանը շարունակում է մնալ իրանական նավթի հիմնական գնորդը՝ չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանված խիստ պատժամիջոցներին և շրջափակմանը:
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կոչ էր արել Չինաստանին ակտիվացնել իր դիվանագիտական ջանքերը և համոզել Իրանին միջազգային նավագնացության համար բացել Հորմուզի նեղուցը։
Բեսենթը նշել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներն անձամբ կփոխանակվեն Իրանի վերաբերյալ տեսակետներով մայիսի 14-15-ը Պեկինում կայանալիք բանակցությունների ժամանակ։
Բեսենթն ընդգծել էր, որ նեղուցի փակ լինելը հանգեցնում է նավթի գների անկայունության և գլոբալ մատակարարման շղթաների խաթարման։ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Պեկինը կօգտագործի իր տնտեսական կապերը Թեհրանի վրա քաղաքական ազդեցություն բանեցնելու համար։