Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ առկա է պատմական հնարավորություն՝ արագացնելու երկու երկրների հարաբերությունների կարգավորումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին ասաց «Երևանյան երկխոսություն» համաժողովի պանելային քննարկման ժամանակ։«Ժամանակն է մեծ քայլերով առաջ գնալ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում»,- ընդգծեց նա։Նա նկատեց՝ գործընթացը մեկնարկել է 2022 թվականի սկզբին՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ համատեղ, և այս ընթացքում արդեն որոշակի առաջընթաց է արձանագրվել։«Այնպես չէ, որ ոչինչ տեղի չի ունեցել։ Վերականգնվել են Երևան-Ստամբուլ թռիչքները, այս տարվանից արդեն թուրքական ավիաընկերությունները սկսել են թռիչքներ իրականացնել Երևան, քննարկվում է դրանց ընդլայնումը»,– նշեց Ռուբինյանը։
Նա նաև ընդգծեց, որ կողմերը բացել են օդային տարանցիկ փոխադրումների հնարավորություն։Ռուբինյանը հիշեցրեց, որ ստորագրվել է նաև Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ համատեղ արձանագրություն։Միևնույն ժամանակ, Ռուբինյանը նկատեց՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը ներկայում ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա ուղղությամբ ընթացող գործընթացը։
«Սա լավ է, սակայն մենք ունենք պատմական հնարավորություն ավելի մեծ առաջընթաց գրանցելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ոլորտում»,– ասաց նա։Ռուբինյանը նաև անդրադարձավ տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին՝ նշելով, որ Հարավային Կովկասում ձևավորվում են նոր իրողություններ։Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն ձևավորվել են հարաբերություններ, որոնք նախկինում սահմանափակվում էին միայն հակամարտությամբ։