Եվրոպական Միությունն այսօր ընդունել է հայտարարություն, որով միջազգային ներդրողներին կոչ է անում ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում, «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա կարևոր արձանագրում է այն բանի, որ խաղաղությունը Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն հաստատված է, այլև ունի միջազգային վստահելիություն, և միջազգային ինստիտուտները ներդրողներին հրավիրում են Հայաստանի Հանրապետություն այդ ներդրումներն իրականացնելու, և այդ ներդրումներն արդեն իսկ ընթացքի մեջ են։ Եվ հետևաբար, մեր օրինակը, կարծում եմ, շատ կարևոր օրինակ է, թե ինչպես երկիր, առանց նոր հանքեր բացահայտելու, կարող է զրո էներգետիկ ռեսուրսով երկրից վերածվել անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրի»,- ասել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես բազմաթիվ այլ երկրներ, անսահմանափակ էներգետիկ պոտենցիալ ունեն արևային էներգիայի զարգացման բերումով։
«Մեր խնդիրն է առաջիկայում կենտրոնանալ այս խնդրի վրա Հայաստանի Հանրապետության համար ի հայտ եկած անսահմանափակ պոտենցիալը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտի օգտագործելու նպատակով»,- նշել է վարչապետը։