Դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս՝ հաղորդակցության սահմանափակումները կարող են չտարածվել կրթության շարունակականությունն ապահովելու համար

Գործող կարգավորումներով տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակումն է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի՝ որոշման մեջ նշված բնակության տարածքը: Ի թիվս այլնի՝ դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձեւերից, այդ թվում՝ փոստային առաքանուց: Այս մասին ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ առաջին ընթերցմամբ զեկուցելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ, միաժամանակ, «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ՀՀ-ում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է՝ մինչեւ սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ: Իսկ «Հանրակրթության մասին» օրենքով նախատեսված կարգավորումները սահմանում են, որ կրթության պետական կառավարման՝ լիազորված մարմնի սահմանված կարգով, բացառիկ դեպքերում եւ որոշակի ժամկետով հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել հեռավար կրթությունը:

«Այս համատեքստում, սակայն, հարկ եմ համարում նշել, որ համապատասխան օրենդրական կարգավորումների բացակայության պայմաններում ներկայում հնարավոր չի լինում ապահովել տնային կալանքի տակ գտնվող անձանց՝ կրթության իրավունքի պատշաճ իրացումը»,- ասել է նախարարն ու ներկայացրել նախագծով առաջարկվող կարգավորումները:

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս, հաղորդակցության սահմանափակումները կարող են չտարածվել կրթության շարունակականությունն ապահովելու համար կրթական ծրագրերով հեռավար կրթությունը շարունակելու դեպքերի նկատմամբ:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը:

Հարցը քննարկվել է մայիսի 5-ի ԱԺ հերթական նիստում:

Leave a Comment