Մայիսի 1-ին Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տվյալ, որ նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում զենքի գործադրմամբ միջադեպ է եղել։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Աբովյանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով ստացվել է տեղեկություն, որ Արարատի մարզի բնակիչներ դեռևս չպարզված շարժառիթով ծրագրել են սպանել Բալահովիտ գյուղի մի բնակչի։
«Պարզվել է նաև, որ նշված անձինք հյուրանոցում վարձակալել են սենյակ և երկու ավտոմեքենա, կատարել դերաբաշխում և ապրիլի 26-ից պարբերաբար եկել են Բալահովիտ, հսկել թիրախի տեղաշարժը։
Մայիսի 1-ին նրան տեսնելով Բալահովիտում գտնվող ավտոլվացման կետում՝ տեղյակ են պահել հյուրանոցում սպասող ընկերներին, որոնք նույնպես մեկնել են նշված վայր։ Այստեղ էլ փորձել են իրականացնել իրենց մտադրությունը։
Չհասնելով նպատակին՝ նշված անձինք վարձակալած «Նիսսան» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներով դիմել են փախուստի։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեք անձ հայտնաբերվել է, ձերբակալվել ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են»: