ՀՀ Ազգային ժողովի մայիսի 5-ի նիստում քննարկվել է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Գալստյանի թեկնածությունը:
Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը:
Մարտին Գալստյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար:
«Այսօր աշխարհում տնտեսական կայունության ապահովումը դարձել է լուրջ մարտահրավեր՝ պայմանավորված աշխարհաքաղաքական հակամարտությունների խորացմամբ եւ համաշխարհային առեւտրային հարաբերություններում լարվածության աճով: Միեւնույն ժամանակ, կառուցվածքային փոփոխությունները՝ արհեստական բանականության եւ նոր տեխնոլոգիաների ներդրումից մինչեւ բնակչության ծերացում ու կլիմայական փոփոխություններ, էապես մեծացրել են համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների անորոշությունը: Այս գործոնների համակցված ներգործությունը լուրջ փորձություն է տնտեսական քաղաքականության պատասխանատուների համար մի աշխարհակարգում, որը դարձել է ավելի մասնատված, փխրուն եւ անորոշ»,- ասել է Մարտին Գալստյանը:
Նա նշել է, որ վերջին վեց տարվա ընթացքում Հայաստանի կենտրոնական բանկն առաջնորդվել է այն համոզմունքով, որ մակրոտնտեսական կայունության ապահովման հանձնառությունը պետք է լինի անվերապահ: Ըստ թեկնածուի՝ մակրոտնտեսական կայունությունը երկրի տնտեսական զարգացման համար նույնքան կարեւոր է, որքան խաղաղության ու ժողովրդավարության վրա հիմնված կայուն քաղաքական միջավայրը, ազատ մրցակցությունը, օրենքի գերակայությունն ու արդար դատական համակարգը: Մարտին Գալստյանը նշել է, որ Կառավարության գործընկերների հետ ներդրված համատեղ ջանքերի շնորհիվ մակրոտնտեսական կայունությունն այժմ դարձել է Հայաստանի այցեքարտը համաշխարհային ներդրումային քարտեզում: Նա ներկայացրել է Կենտրոնական բանկի կարեւորագույն ձեռքբերումներն ու կառույցի ապագա գործունեության տեսլականը, խոսել դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության, Ազգային ժողովի գործընկերների հետ համատեղ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին:
Մարտին Գալստյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ խոսելով առկա ռիսկերի հաղթահարման, նորարարական ֆինանսական ծառայությունների ներդրման ու զարգացման, վարկային տոկոսադրույքների մասին:
Ելույթներում պատգամավորներն անդրադարձել են Կենտրոնական բանկի գործունեությանն ու վարվող քաղաքականությանը:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը Մարտին Գալստյանի թեկնածությունը ԿԲ նախագահի պաշտոնում առաջադրում է երկրորդ անգամ: Նա նշել է, որ հանձնաժողովում բավականին կառուցողական քննարկում է տեղի ունեցել, բարձր է գնահատել Մարտին Գալստյանի ղեկավարությամբ ԿԲ-ի ծավալած գործունեությունը ճգնաժամային իրավիճակներում եւ կոչ արել կողմ քվեարկել նրա թեկնածությանը:
Եզրափակիչ ելույթում ԿԲ նախագահի թեկնածուն շնորհակալություն է հայտնել կառուցողական երկխոսության ու բարձր գնահատականների համար եւ համոզմունք հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը շարունակական է լինելու: Նա շնորհակալություն է հայտնել նաեւ Կառավարության գործընկերներին եւ ԿԲ աշխատակազմին: