Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Իսրայելի իշխանությունների կողմից «Սումուդ գլոբալ նավատորմի» միջազգային մարդասիրական առաքելության նավերի կասեցման կապակցությամբ՝ այդ գործողությունները որակելով որպես նավագնացության ազատության սկզբունքի կոպիտ խախտում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասված է Մեքսիկայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Ապրիլի վերջին Իսրայելի ռազմածովային ուժերը Հունաստանի ափերի մոտ՝ միջազգային ջրերում, կասեցրել էին ավելի քան 100 նավից բաղկացած «Սումուդ գլոբալ նավատորմի» ընթացքը։ Քաղաքացիական այս նախաձեռնությունը ուղևորվում էր Գազայի հատված՝ մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով, ինչի հետևանքով տասնյակ միջազգային ակտիվիստներ բերման էին ենթարկվել։
Մեքսիկական կողմը դիվանագիտական խողովակներով Իսրայելից պահանջել է հարգել անձնակազմի անդամների իրավունքները, երաշխավորել նրանց ֆիզիկական ու հոգեկան բարեկեցությունը և ազատ տեղաշարժի իրավունքը։ Գերատեսչությունը նաև հայտնել է, որ նավերից մեկում գտնվող Մեքսիկայի քաղաքացին հույն և թուրք դիվանագետների աջակցությամբ արդեն բարեհաջող վերադարձել է հայրենիք:
