Սլովակիայի վարչապետը մայիսի 9-ին կհանդիպի Պուտինի հետ, սակայն չի մասնակցի շքերթին

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ մայիսի 9-ին կհանդիպի Պուտինի հետ, սակայն չի մասնակցի շքերթին:

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ մայիսի 9-ին կայցելի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվա միջոցառումներին, և այնտեղ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է Սլովակիայի պետական TASR լրատվական գործակալությունը։

Ֆիցոն ներկայում գտնվում է Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։

Նա նշել է, որ ծաղիկներ կդնի Կարմիր բանակի Անհայտ զինվորի գերեզմանին՝ շնորհակալություն հայտնելու ազատագրման համար՝ սլովակ ժողովրդի անունից։ Միաժամանակ, նրա խոսքով, նախատեսվում է կարճ հանդիպում Պուտինի հետ։

«Ես չեմ մասնակցելու որևէ ռազմական շքերթի։ Ձևաչափը կլինի նույնը, ինչ նախկինում»,- ընդգծել է նա։

Ֆիցոն բազմիցս կասկածի տակ է դրել եվրոպական երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և հանդես է եկել Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունների վերականգնման օգտին։

Leave a Comment