Լայպցիգի կենտրոնում ավտոմեքենայի՝ հետիոտների վրաերթի հետևանքով երկու մարդ զոհվել է, և առնվազն 22-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ տուժածներից երկուսի վիճակը ծանր է։
Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունգը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալված է՝ հավելելով, որ հանցագործության դրդապատճառները դեռևս անհայտ են, իսկ դեպքի վայրի հարակից տարածքը շրջափակված է։
Ոստիկանության փոխանցմամբ՝ ձերբակալվածը Գերմանիայի 33-ամյա քաղաքացի է։
Լայպցիգի հրշեջ ծառայության պետ Աքսել Շուխը հայտնել է, որ վնասվածքներ է ստացել 22 մարդ, որոնցից երկուսը՝ ծանր։ Ըստ Շուխի՝ դեպքի վայրում աշխատում են շուրջ 40 հրշեջ և 40 բուժաշխատող, ինչպես նաև ներգրավված է երկու ուղղաթիռ։
Ականատեսների վկայությամբ՝ Volkswagen մակնիշի ամենագնացը, որում եղել է մեկ մարդ, մեծ արագությամբ անցել է հետիոտնային գոտով։ Ոստիկանությունը հաստատել է, որ քաղաքի կենտրոնում՝ Գրիմայշե-շտրասե փողոցում, մեքենան հարվածել է մի քանի հոգու, որից հետո դիմել է փախուստի։ Ավելի ուշ վարորդը ձերբակալվել է, և, ըստ ոստիկանության, «այս պահին նա վտանգ չի ներկայացնում»։
