Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ)նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը, ով պաշտոնից ազատվել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախի մասին գիրք նվիրելուց հետո, որոշել է լքել հաստատությունը, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ ազատումը տեղի է ունեցել իր հրահանգով, իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր Գզոյանի հետ համագործակցությունը շարունակելու մտադրության մասին։
Պարբերականը հիշեցրել է, որ ղեկավար պաշտոնից հեռացվելուց հետո Գզոյանը մեկամսյա արձակուրդ էր վերցրել։ Ըստ թերթի աղբյուրների՝ արձակուրդում գտնվելու ընթացքում նա փոխել է որոշումը և մտադիր է ազատման դիմում գրել նաև գիտաշխատողի հաստիքից։ Այս ընթացքում նախկին տնօրենը ժամանակ առ ժամանակ այցելում է թանգարան՝ կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար, սակայն չի շփվում ՀՑԹԻ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանի հետ։
Ինստիտուտի գիտաշխատող Սուրեն Մանուկյանը թերթի հետ զրույցում նշել է, որ Գզոյանն իր հետ չի խոսել հեռանալու մասին։ «Ասել է, որ մայիսը կգա՝ կտեսնենք։ Ես նրա հետ շփվում եմ հիմնականում Ամերիկյան համալսարանում, որտեղ երկուսս էլ դասավանդում ենք»,- ասել է Մանուկյանը։
