Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 8-ին և 9-ին Ուկրաինայի հետ հրադադար է հայտարարել՝ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրվա տոնակատարությունների պատվին։
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ հրադադարը հայտարարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման համաձայն։
«Մենք ակնկալում ենք, որ ուկրաինական կողմը կհետևի այս օրինակին», – հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Նախարարությունը նաև նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ԵՀՔ գագաթնաժողովում Երևանում արված հայտարարությունը, որը, ըստ Պաշտպանության նախարարության, «պարունակում է Մոսկվային հարվածելու սպառնալիքներ՝ մասնավորապես մայիսի 9-ին»։
ՊՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի զինված ուժերը կձեռնարկեն «բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տոնական միջոցառումների անվտանգությունն ապահովելու համար»։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ եթե ուկրաինական կողմը փորձի խափանել Հաղթանակի 81-ամյակի տոնակատարությունները, Ռուսաստանի զինված ուժերը «կձեռնարկեն պատասխան, զանգվածային հրթիռային հարված Կիևի կենտրոնին»։
«Չնայած մեր հնարավորություններին, Ռուսաստանը նախկինում ձեռնպահ է մնացել նման գործողություններից՝ մարդասիրական նկատառումներից ելնելով։ Մենք զգուշացնում ենք Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին քաղաքը անհապաղ լքելու անհրաժեշտության մասին», – ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ուկրաինական լրատվամիջոցները, Զելենսկին, ելույթ ունենալով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, մայիսի 9-ի շքերթի մասին հատուկ նշել է, որ «այս շքերթին կարող են թռչել նաև ուկրաինական ԱԹՍ-ներ»։
Այս հայտարարությունից հետո Ուկրաինայի նախագահը հայտարարել է հրադադարի մասին, որն ուժի մեջ կմտնի մայիսի 6-ի կեսգիշերից։
Ապրիլի 30-ին իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ Ուկրաինայի հետ հրադադար հայտարարելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։
