ԿԳՄՍՆ-ն առաջարկում է փոփոխություններ հանրակրթական ծրագրերում՝ 1–12-րդ դասարանների համար

Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների 1–12-րդ դասարանների առարկայական վերանայված չափորոշիչների և ծրագրերի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերը»։

1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը, առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Հանրակրթության պետական չափորոշիչն ամբողջությամբ ներդրված է Տավուշի մարզում, ինչպես նաև ՀՀ բոլոր դպրոցներում՝ բացառությամբ 12-րդ դասարանի։ Առարկայական ծրագրերի գործարկման ընթացքում ի հայտ են եկել որոշ համադրական և գործնական բնույթի հարցեր, որոնց լուծման նպատակով իրականացվել է ծրագրերի վերանայում և ճշգրտում։
Ներկայացված փաթեթը մշակվել է վերանայված պետական չափորոշչի պահանջների ապահովման նպատակով և նպատակաուղղված է առարկայական ծրագրերի միջև բովանդակության ու ժամանակագրության ավելի հստակ համադրմանը, թեմաների տրամաբանական հաջորդականության ապահովմանը և փոխկապակցվածության ուժեղացմանը։ Այն նաև միտված է տարբեր առարկաներում նույնաբովանդակ նյութի կրկնությունների բացառմանը, կիրառման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական և կազմակերպման հետ կապված խնդիրների շտկմանը, ինչպես նաև ուսումնական բեռնաթափման իրականացմանը՝ առանց էական բովանդակային բաղադրիչների կրճատման։
Միաժամանակ, հանրակրթության պետական չափորոշչի փորձարկումը Տավուշի մարզի, ինչպես նաև ՀՀ հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ցույց է տվել, որ այն ապահովում է ուսումնառության արդյունքների հստակ և չափելի ձևակերպում, նպաստում է սովորողների առանցքային կարողունակությունների զարգացմանը, ապահովում է ուսումնական բովանդակության փուլային և համակարգված կառուցվածք, բարձրացնում է ուսուցման և գնահատման գործընթացների արդյունավետությունն ու թափանցիկությունը և համապատասխանում է ուսուցիչների մասնագիտական պահանջներին։
Փորձարկման և մասնագիտական արձագանքների վերլուծության արդյունքում իրականացվել են լրացուցիչ լրամշակումներ, որոնց միջոցով հստակեցվել են բովանդակային և մեթոդական մի շարք դրույթներ, ինչպես նաև ուժեղացվել են միջառարկայական կապերը։
Միաժամանակ իրականացվել է ուսումնական բովանդակության օպտիմալացում՝ նվազեցվել է կրկնվող և երկրորդական տեղեկատվության ծավալը՝ ապահովելով դրա տարիքային համապատասխանությունը և կենտրոնացումը հիմնական գիտելիքների ու կարողությունների ձևավորման վրա։
Ներկայացված նախագծերը հանդիսանում են վերանայված հանրակրթության պետական չափորոշչի ամբողջական և համակարգված ներդրման ապահովման միջոց։
Նախագծով նախատեսվող փոփոխություններից մեկը վերաբերում է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառին։ Գործող «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացի բովանդակության վերլուծությունը ցույց է տալիս, որ այն հիմնականում ուղղված է ռազմամարզական պատրաստության ձևավորմանը, մինչդեռ սահմանափակ չափով է ապահովում սովորողների կարողությունները արտակարգ իրավիճակներում գործելու, պետական, տեղեկատվական, անհատական և կոլեկտիվ անվտանգության հարցերում, ինչպես նաև առօրյա կյանքում հանդիպող ռիսկերի կանխարգելման և դրանց արձագանքման ուղղություններով։
Հաշվի առնելով նշվածը՝ նախատեսվում է ընդլայնել առարկայի ուսումնասիրման շրջանակը և 8-րդ դասարանում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան փոխարինել «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով՝ այն ներդնելով 5-րդ դասարանից։ Սա կապահովի արտակարգ իրավիճակներին (այդ թվում՝ բնական, տեխնածին, համաճարակային և ռազմական) արձագանքման վերաբերյալ գիտելիքների և կարողությունների փուլային ձևավորում։
Առարկայի գործնական բաղադրիչը նախատեսվում է խորացնել ավագ դպրոցում՝ ուսումնական ճամբարների շրջանակում։
Նշված փոփոխությունները պայմանավորված են ժամանակակից անվտանգության մարտահրավերների աճով, որոնք պահանջում են սովորողների մոտ ձևավորել համակողմանի անվտանգ կենսագործունեության կարողունակություններ՝ ներառյալ ռիսկերի գնահատումը, արագ կողմնորոշումը և համապատասխան վարքագծի դրսևորումը։
Առաջարկվող մոտեցումն ապահովում է անվտանգության մշակույթի ձևավորման շարունակական և փուլային զարգացում՝ սկսած հիմնական դպրոցից, ինչպես նաև նպաստում է ֆիզիկական, հոգեբանական, տեղեկատվական և քաղաքացիական անվտանգության փոխկապակցված ընկալման ձևավորմանը։
Հաշվի առնելով հանրակրթության պետական չափորոշչի վերանայման արդյունքները, Տավուշի մարզում դրա փորձարկման դրական փորձը, ինչպես նաև իրականացված բովանդակային օպտիմալացումը և լրամշակումները՝ նախագծի ընդունումը համարվում է անհրաժեշտ և հիմնավորված։
Հանրակրթության բովանդակության գործող համակարգում առկա են մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորում են առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը։
Առարկայական չափորոշիչների և ծրագրերի կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ անհամադրելիություններ, մասնավորապես՝ տարբեր առարկաների ծրագրերում նույն թեմատիկ միավորներին կամ հասկացություններին վերաբերող նյութի ժամանակագրական անհամընկնումներ, ինչպես նաև տարբեր առարկաների շրջանակում նույնաբովանդակ նյութի կրկնություններ։
Վերանայման նախագծերի նպատակն է կարգավորել այդ համադրական խնդիրները, ապահովել թեմաների տրամաբանական հաջորդականությունը և փոխկապակցվածությունը, բացառել ավելորդ կրկնությունները, շտկել ի հայտ եկած տեխնիկական և այլ կազմակերպչական թերությունները, ինչպես նաև իրականացնել բեռնաթափում՝ առանց էական բովանդակային բաղադրիչների կրճատման։
Առկա է նաև ուսումնական բովանդակության բեռնվածության անհամաչափություն, ինչը որոշ դեպքերում սահմանափակում է սովորողների կողմից հիմնական և առանցքային կարողությունների խորացված ձևավորումը։
Բացի այդ, առանձին առարկաների բովանդակության մեջ բավարար չափով ընդգրկված չեն միջառարկայական կապերը և ժամանակակից հասարակական ու անվտանգության մարտահրավերներին վերաբերող բաղադրիչները։
Հատուկ ուշադրության կարիք ունի «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացի բովանդակությունը, որը հիմնականում կենտրոնացած է ռազմամարզական պատրաստության վրա և բավարար չափով չի ապահովում սովորողների պատրաստվածությունը ժամանակակից բազմաբնույթ արտակարգ իրավիճակներում գործելու համար։
Վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է վերանայել և արդիականացնել առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը վերանայված հանրակրթության պետական չափորոշչին և կարողունակահեն կրթության սկզբունքներին, իրականացնել ուսումնական բովանդակության օպտիմալացում, ուժեղացնել միջառարկայական կապերը, վերակառուցել անվտանգության կրթության բաղադրիչը և ներդնել «Անվտանգ կենսագործունեություն» առարկան։
Ժամանակակից հասարակության զարգացման պայմաններում հանրակրթության համակարգը կոչված է ոչ միայն ապահովելու սովորողների ակադեմիական գիտելիքները, այլև ձևավորելու առողջ, պատասխանատու և սոցիալապես գիտակից քաղաքացի։
Այս համատեքստում «Առողջ ապրելակերպ» կրթական բաղադրիչը ներդրվեց հանրակրթության պետական չափորոշչով՝ որպես պարտադիր խմբակ, սակայն նախատեսվում է այն դարձնել պարտադիր առարկա։
«Առողջ ապրելակերպ» առարկայի հիմնական նպատակը սովորողների մոտ առողջությանը վերաբերող գիտելիքների, արժեքների և վարքագծային հմտությունների ձևավորումն է։
Առարկան միտված է՝
ֆիզիկական, հոգեկան և սոցիալական առողջության պահպանման և զարգացման մշակույթի ձևավորմանը
կանխարգելիչ մտածողության զարգացմանը
ինքնաճանաչման, ինքնակարգավորման և պատասխանատու որոշումների կայացման հմտությունների զարգացմանը
Նշված լուծումները նպատակ ունեն ապահովելու կրթության բովանդակության արդիականացում, սովորողների կարողունակությունների համակողմանի զարգացում և կրթական գործընթացի արդյունավետության բարձրացում։

2. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Նախագծի իրականացումը կնպաստի հանրակրթության բովանդակության համակարգային արդիականացմանը։
Ակնկալվում է ապահովել ուսումնական բովանդակության և ուսումնառության ակնկալվող արդյունքների հստակ և չափելի ձևակերպում։
Ուսումնական ծրագրերի օպտիմալացման արդյունքում կնվազեցվի կրկնությունը և ծանրաբեռնվածությունը։
Միջառարկայական կապերի ուժեղացման շնորհիվ կզարգանա կիրառական ուսուցումը։
«Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ներդրման արդյունքում կձևավորվի սովորողների համակողմանի կարողունակություն։
Կապահովվի անվտանգության մշակույթի փուլային զարգացում։
Ավագ դպրոցում գործնական բաղադրիչի ամրապնդմամբ կբարձրանա գիտելիքների կիրառելիությունը։
«Առողջ ապրելակերպ» առարկայի ներդրումը կնպաստի առողջ հասարակության ձևավորմանը։
Ընդհանուր առմամբ կբարձրանա կրթության որակը և համակարգի արդյունավետությունը։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության ծրագրից և «2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունից»։
Այն ուղղված է կրթության որակի բարձրացմանը և կարողունակ քաղաքացու ձևավորմանը։

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ հանրակրթական պետական չափորոշիչներում և ծրագրերում։

Leave a Comment