Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում Տոլյատիի «Ակրոնի» դեմ կայացած խաղում իր թիմակից Ջոն Կորդոբայի՝ չհաշված գոլի դրվագը։ Մրցավարները կոլումբիացի կենտրոնական հարձակվողի գործողություններում խախտում էին արձանագրել և չեղարկել դարպասի գրավումը:
«Առանց մեկնաբանությունների: Բոլորը շոկի մեջ են: Ի՞նչ կտա իմ մեկնաբանությունը»,- ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հետ զրույցում կարճ ասել է հայ կիսապաշտպանը:
Չնայած չեղարկված դրվագին՝ «Կրասնոդարը» կարողացավ հաղթանակ կորզել․ միակ և հաղթական գոլը հեղինակեց նույն Ջոն Կորդոբան՝ Էդուարդ Սպերցյանի կատարած փոխանցումից հետո:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28 տուրերի արդյունքներով Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը վաստակել է 63 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Կրասնոդարը» ընդամենը մեկ միավորով է առաջ երկրորդ հորիզոնականում ընթացող Սանկտ Պետերբուրգի «Զենիթից»: