Կառավարության ապրիլի 30-ի չզեկուցվող որոշմամբ նախատեսվում է ֆինանսավորել Գյումրիում «Երաժշտական կամուրջ» համերգը։Կառավարությունը պատրաստվում է հաստատել Գյումրիում կայանալիք «Երաժշտական կամուրջ» խորագրով համերգի ծախսերի նախահաշիվը՝ այն իրականացնելով Հայաստան–Ֆրանսիա բարեկամությանը նվիրված միջոցառումների շրջանակում։ Նախագծով նախատեսվում է շուրջ 392.9 մլն դրամ հատկացնել պետական պահուստային ֆոնդից՝ մշակութային կարևոր նախաձեռնության կազմակերպման համար։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 37-րդ և 42-րդ կետերից, ինչպես նաև Գյումրի քաղաքում միջազգային մակարդակի մշակութային միջոցառման պատշաճ կազմակերպման պահանջից։ Նման մասշտաբային միջոցառումը պահանջում է նպատակային ֆինանսավորում, քանի որ համարվում է պետական կարևորության իրադարձություն:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2026 թ. մայիսի 3-5-ը Երևանում կայանալու է եվրոպական երկրների ղեկավարների գագաթաժողով, որի շրջանակում Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնը։
Այդ կապակցությամբ իրականացվելու են բազմաթիվ մշակութային միջոցառումներ՝ ներառյալ համերգներ, որոնցից մեկը՝ Գյումրիում: Համերգի կազմակերպումը Գյումրիում պայմանավորված է այն հանգամանքով, որ Ֆրանսիայի Նախագահը այցելելու է նաև Գյումրի:
Ս.թ. մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսվում է կազմակերպել մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը:
Համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ։
Կարգավորման նպատակը և բնույթը
Կարգավորման նպատակն է ապահովել Գյումրիում անցկացվող մեծ համերգի պատշաճ իրականացումը: Համերգի կազմակերպման համար անհրաժեշտ է 392 897.7 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ) գումար։ Կարգավորումն ունի ֆինանսատնտեսական բնույթ և ուղղված է արդյունավետորեն ապահովելու պետական կարևորության մշակութային միջոցառումը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից։
Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի իրականացումը կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերի ամրապնդմանը և համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի միջազգային ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը։
Ծրագիրը նաև կնպաստի Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ մշակույթի հասանելիության և մատչելիության բարձրացման համար։
Ծրագրի հիմնական շահառուներն են Հայաստանի երաժշտասեր և ժամանցասեր հասարակությունը, ինչպես նաև Հայաստանում գտնվող զբոսաշրջիկները։
Գյումրի քաղաքը ընտրված է ոչ պատահական․ այստեղ մեծ է սերն ու հետաքրքրությունը ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի նկատմամբ, ինչը պայմանավորված է 1988 թվականի երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման գործում Ֆրանսիայի ժողովրդի և կառավարության կողմից ցուցաբերած աջակցությամբ։
Նախագծի իրականացումը կնպաստի նաև 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի հաջող կազմակերպմանը և Հայաստանի հանրահռչակմանը որպես ֆրանկոֆոն արժեքներ կրող երկիր։
Բյուջետային ազդեցությունը
Գյումրիում իրականացվող համերգի կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
Նախատեսվող 392 897.7 հազար դրամն առաջարկվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։
Այլ իրավական ակտերի հետ կապը
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում։
Նախագիծը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Որոշման նախագիծը համահունչ է Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության նպատակներին, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին՝ ուղղված մշակույթի զարգացմանն ու հանրահռչակմանը։
Այլ տեղեկություններ
Չկան։