Ինչո՞ւ է հոսպիտալացվել Ալեքս Ֆերգյուսոնը

Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ» կենտրոնական հանդիպումից առաջ մանչեսթերցիների լեգենդար նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով նա տեղափոխվել է հիվանդանոց:

84-ամյա շոտլանդացի մասնագետը, իր սովորության համաձայն, ժամանել էր «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, սակայն այնտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է:

Ինչպես ընդգծում է Daily Mail պարբերականը, հոսպիտալացումը կրել է կանխարգելիչ բնույթ: «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները լավատեսորեն են տրամադրված սըր Ալեքսի առողջական վիճակի մասով։ Ըստ առկա տեղեկությունների՝ լուրջ մտավախությունների առիթ չկա: Նշվում է նաև, որ ներկայիս իրավիճակը կապված չէ 2018 թվականին Ֆերգյուսոնի տարած գլխուղեղի ծանր արյունազեղման հետ:

Հիշեցնենք, որ Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 1986-ից 2013 թվականներին։ Այդ ընթացքում նա ակումբի հետ նվաճել է 38 տիտղոս, այդ թվում՝ 13 անգամ հռչակվելով Անգլիայի չեմպիոն և երկու անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում: Ուշագրավ է այն փաստը, որ շոտլանդացի մասնագետի՝ թոշակի անցնելուց հետո ակումբին այլևս ոչ մի անգամ չի հաջողվել նվաճել Անգլիայի չեմպիոնի կոչումը։

Leave a Comment