Լևանդովսկին համաձայնության է եկել նոր ակումբի հետ

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հնարավոր է` կարիերան շարունակի Թուրինի «Յուվենտուսում»: Ինչպես տեղեկացնում է իտալական Tuttosport պարբերականը, թուրինյան ակումբը բանակցություններ է վարել լեհ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:

Ըստ աղբյուրի՝ 37-ամյա հարձակվողը պատրաստ է քննարկել «Յուվենտուս» տեղափոխվելու հնարավորությունը այն դեպքում, եթե թիմը հաջորդ մրցաշրջանի համար նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Կատալոնական ակումբից հեռանալու պարագայում հենց թուրինյան թիմն է համարվում նրա առաջնահերթ ընտրությունը:

Լևանդովսկու գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ: Կատալոնական ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստին առաջարկել էր նոր պայմանագիր՝ աշխատավարձի զգալի կրճատմամբ, սակայն նման պայմանները խաղացողին չեն գոհացրել:

Պարբերականի փոխանցմամբ՝ հարձակվողի գործակալ Պինի Զահավին արդեն հանդիպում է ունեցել «Յուվենտուսի» ղեկավարության հետ: Նախնական տվյալներով՝ կողմերը համաձայնեցրել են մեկամյա պայմանագիր, որով Լևանդովսկու աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 6 միլիոն եվրո՝ գումարած բոնուսները:

Leave a Comment