Ձգձգում են ՀՀ քաղաքացիությունը, որ ընտրություններին չմասնակցենք․ արցախցի

Արցախից բռնի տեղահանված մի շարք քաղաքացիներ հայտնել են ՀՀ քաղաքացիության տրամադրման ձգձգման մասին, որը նրանք կապել են խորհրդարանական ընտրություններին իրենց չմասնակցելու իշխանությունների ցանկության հետ։ Ակցիայի մասնակիցները մտադիր են դատական կարգով վերականգնել իրենց ընտրական իրավունքները։

«Մենք Հայաստանի քաղաքացի ենք և ընտրելու իրավունք ունենք։ Թող դատարանը մեզ պատասխան տա, թե ինչու չենք կարող նոր կառավարություն ընտրել»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ ակտիվիստները հետևելու են ընտրացուցակներին, և արցախցիների բացակայության դեպքում դիմելու են դատական ատյաններ։ Նա նաև ընդգծել է, որ 070 կոդով փաստաթղթերը պետք է վավեր ճանաչվեն քվեարկության համար, իսկ ԿԸՀ-ի կողմից արցախցի թեկնածուների առաջադրման արգելքը որակել է որպես իրավունքների խախտում՝ հավելելով, որ թափանցիկ բացատրություններ չկան։

Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ֆոնին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղի ունեցած ակցիայի մասնակից «Հավասար հնարավորություն» ՀԿ նախագահ Արտակ Մկրտչյանը պատմել է, որ չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ ՀՀ քաղաքացի չէ։

«Արդեն 6-7 ամիս է՝ խնդիր կա։ Մարդիկ 3 ամիս է հանձնել են անձնագրերը՝ չեն տալիս ձգձգում են։ SMS են ստացել, որ անձնագրերը պատրաստ կլինեն հունիսի 10-ին»,- նշել է նա։

Ըստ Մկրտչյանի՝ այստեղ կա հստակ միտում, քանի որ ըստ իրեն, արցախցիները դժգոհ են իշխանությունների վարած քաղաքականությունից։

Մկրտչյանը հիշեցրել է, որ դեռ 2021 թվականին արցախցիները նույն անձնագրերով կարող էին մասնակցել ընտրություններին և պետական պաշտոններ զբաղեցնել Հայաստանում։

«Ես, ապրելով այստեղ, չեմ կարող մարդու ընտրել, ով ղեկավարելու է ինձ։ Հատուկ են արել, որ արցախցիները չմասնակցեն ընտրություններին։ Մեծ մասամբ, հենց իրենք են համակարգում այդ ամենը»,- պարզաբանել է նա։

Նրա պնդմամբ՝ իշխանությունները գիտեն ովքեր են իրենց դեմ, ով կողմ և գործում է «ծանոթով» անձնագիր շուտ տալ կամ չտալ։

Ապրիլի 16-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում հայտարարել էր, որ 2025 թվականին 25 670 մարդ ստացել է ՀՀ քաղաքացիություն, որոնցից 19 367-ն Արցախից տեղահանված անձինք են։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 36 676 տեղահանված ձեռք էր բերել ՀՀ քաղաքացիություն՝ մի մասն անձնագրավորման, մյուս մասը՝ նախագահի հրամանագրով։

Տեղահանված անչափահասները, ընդհանուր առմամբ, 28 000-ն են, որոնցից 12 000-ն անձնագրավորման տարբերակով ստացել են ՀՀ քաղաքացիություն։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին, որոնց կմասնակցեն 19 կուսակցություններ և դաշինքներ։

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին և կավարտվի հունիսի 5-ի կեսգիշերին։

Leave a Comment