Հայաստանն ինքնուրույն կորոշի Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը, Երևանում մայիսի 4-ին, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:
«Հայաստանն ինքն է որոշում կայացնում։ Մեկ ամիս անց այստեղ ընտրություններ են կայանալու։ Եվրոպական օրակարգը «սեղանին է»», – նշել է Կալասը։
Իր հերթին Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան նշել է, որ ողջունում է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին։
«Մենք այստեղ ենք՝ քննարկելու մեր դաշնակիցների և գործընկերների հետ հետագա ինտեգրման ուղիները։ Կքննարկենք նաև պայքարը ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ», – հավելել է Մեցոլան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլին հայտարարել էր, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ընդունումից ի վեր Երևանի ու Բրուսելի հարաբերությունները «աննախադեպ զարգացում են ապրել»։
