Իրանական իշխանությունները ԱՄՆ-ին են ներկայացրել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր, որում ուրվագծվում են Իրանի հիմնական պայմանները Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու համար։
Ըստ իրանական զլմ-ների՝ Թեհրանն այժմ սպասում է Վաշինգտոնի պատասխանին։ Այս մասին կիրակի՝ մայիսի 3-ի գիշերը հայտնել են իրանական Fars և Tasnim լրատվական գործակալությունները, որոնք փաստաթուղթը որակել են որպես ԱՄՆ-ի նախորդ ինը կետից բաղկացած առաջարկի պատասխան։
Այդ առաջարկը նախատեսում էր երկամսյա հրադադար, որին Իրանի իշխանությունները պատասխանել են՝ հայտարարելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն մեկ ամսվա ընթացքում, և որ «շեշտը պետք է դրվի պատերազմի դադարեցման, այլ ոչ թե հրադադարի երկարաձգման վրա», հաղորդում է Tasnim-ը։
Գործակալությունների տվյալներով՝ խաղաղության ծրագրի իրանական տարբերակում Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է չհարձակման երաշխիքներ, ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերում սահմանամերձ շրջաններից, ռազմածովային շրջափակման վերացում և իրանական սառեցված ակտիվների ազատում։ Բացի այդ, Իրանը պնդում է պատճառված վնասի համար փոխհատուցման վճարման, պատժամիջոցների վերացման, տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման, այդ թվում՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների, և «Հորմուզի նեղուցի գործունեության նոր մեխանիզմի» ստեղծման վրա։
