Հայկական «Նոյյան տապան»․ քաղաքական ջրհեղեղին ընդառաջ

Հայկական «Նոյյան տապան»․ քաղաքական ջրհեղեղին ընդառաջ

Գագիկ Ծառուկյանի հավաքած «Նոյյան տապան»-ը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ի ցուցակով։ Ու թեև Ծառուկյանը գլխավորում է այս ցուցակը, վարչապետի թեկնածուի հարցը շարունակում է մնալ նույն անորոշ վիճակում։ Ինքը՝ Ծառուկյանը վստահեցնում է, որվ այդ դերում չի լինի՝ պատճառաբանելով, թե պարզապես «չի ցանկանում», և որ վարչապետի 2-3 թեկնածու ունի։

Ընտրացուցակն էլ հիշեցնում է նույն այդ «Նոյյան տապանը». իհարկե, մի փոքր ավելի աղքատիկ, քան «Ուժեղ Հայաստանի» դեպքում է։ Բայց այնուամենայնիվ, քաղաքական խճանկար են հավաքել. բացի ԲՀԿ-ից այստեղ են «Մայր Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների ներկայացուցիչները։ «Նոյյան տապանում» են հավաքվել նաև 2021թ. Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները։

ԲՀԿ ցուցակի երկրորդ տեղում Անդրանիկ Թևանյանն է՝ «Մայր Հայաստան» կուսակցությունից, որը, ըստ ամենայնի, քաղաքական «տեղափոխությունների» սիրահար է։ Ոչ վաղ անցյալում նա Ռոբերտ Քոչարյանի թիմում էր. 2021թ. եղել է Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակում, անգամ՝ պատգամավոր ընտրվել, ապա՝ 2023թ. հրաժարական ներկայացրել։

Թևանյանը նույն այդ ընթացքում աչքի ընկավ մի քանի սկանդալային դրվագներով, մասնավորապես, ռուսական հեռուստաալիքներից մեկով Նիկոլ Փաշինյանի հասցեին անվայելուչ արտահայտություններ էր հնչեցրել։ Ու ընդհանրապես, նրա կապերը հյուսիսային երկրի հետ ուշագրավ են։

Եռյակը եզրափակում է Լուիզա Սարգսյանը՝ Ծառուկյանի թիմից։ Նա պատգամավոր էր ընտրվել նաև 2017թ., և «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակում հայտնվել էր, որովհետև ԲՀԿ նախագահի ընկերոջ դուստրն էր, ու այդ հանգամանքով պայմանավորված՝ մանդատ էր «նվեր ստացել»։. Ի դեպ, այդ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակում գերազանցապես նման մարդիկ էին։

Ինչևէ։ ԲՀԿ ցուցակի հաջորդ եռյակում արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանն է, որը հրաժարական ներկայացրեց շատ անսպասելի՝ 2021թ. մայիսին։ Այդ հրաժարականն ավելի շուտ դասալքություն էր հիշեցնում, քանի որ նրա հետ հեռացան նաև փոխնախարարները, իսկ պատճառը՝ սահմանազագման ու սահմանագծման աշխատանքների շուրջ ադրբեջանական կողմի հետ նոր-նոր նշմարվող գործընթացն էր։ Այվազյանը 2022-ին մասնակցում էր ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի նախաձեռնած բողոքի ակցիաներին։ 

Նրան հաջորդում է Արմեն Մանուկյանը՝ ԲՀԿ մարզային համակարգման գրասենյակի ղեկավարը, և Մետաքսյա Բաբայանը, որը նախկինում դպրոցի տնօրեն էր։

Առաջին տասնյակի 7-րդ տեղում Մարտուն Գրիգորյանն է՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որը Գյումրիի ՏԻՄ ընտրություններում գլխավորել էր «Մեր քաղաքը» դաշինքը։ Նա յուրօրինակ քաղաքական անցյալ ունի. շատ տարիներ առաջ Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությունից էր, ապա՝ ԲՀԿ-ով դարձավ պատգամավոր, ապա՝ 2017թ. ընտրություններում էլ Գրիգորյանը ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից էր։ Սերժ Սարգսյանի կողքին էր մինչև վերջերս, լինելով ՊՈՒ խմբակցության պատգամավոր, բայց հիմա կրկին Ծառուկյանի կողքին է։ Ի դեպ, Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ ընտրվեց մեծամասամբ Գրիգորյանի խմբակցության ձայների շնորհիվ, քանի որ օրեր, շաբաթներ շարունակ հենց նրա պատասխանին էին սպասում։

Այնուհետև հաջորդում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահը։ Նա էլ շատ տարիներ առաջ եղել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ապա՝ դուրս եկել ու իր կուսակցությունը հիմնել։ Սուրենյանցը մինչև վերջերս ակտիվ էր ՀԱԿ-ի հետ համագործակցության հարցում, իրատեսական ուժերի կոնսոլիդացիային միտված բանակցությունների ակտիվ մասնակիցն ու կազմակերպիչներից է եղել։ Քոչարյանի օրոք, ի դեպ, Սուրենյանցը եղել է նաև քաղբանտարկյալ։

Հետաքրքրությունների բազմազանության ֆոնին աննկատ չի մնում նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի՝ 2021թ. գլխավորած դաշինքի ևս մեկ ներկայացուցիչ կրկին Ծառուկյանի ընտրացուցակի շարքերում է։ Ասում են՝ Վարդանյանը եղել է Քոչարյանի տիկնոջ ընկերուհին, ինչն էլ, ըստ որոշ լուրերի, նրա քաղաքական կարիերայի մեկնարկի հարցում մեծ դեր է ունեցել։ Ի դեպ, հենց այս համատեքստում հետաքրքիր է հիշել, որ Ծառուկյանը նախկինում հայտարարել էր, թե Քոչարյանին աջակցելու մտադրություն չունի, բայց նրա ղեկավարած ուժի մի քանի ներկայացուցիչ սահուն անցում են կատարել ԲՀԿ ցուցակ։

Տասնյակը եզրափակում է Վահե Հովհաննիսյանը՝ դարձյալ քոչարյանական թիմից։ Նա Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք եղել է նախագահի ռեֆերենտ, նրա մերձավորներից։

Ստացվում է բավական «բազմագույն» մի ցուցակ, որտեղ կողք կողքի են հայտնվել տարբեր քաղաքական գործիչներ, որոնց «հասցեն» դեռ շարունակում է փոփոխվել:

Leave a Comment