ՆԱՏՕ-ի քայքայում․ Տուսկը՝ Գերմանիայից զորքերի մի մասը դուրս բերելու ԱՄՆ որոշման մասին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է ՆԱՏՕ-ի «շարունակվող փլուզման» մասին՝ կապված Գերմանիայից 5 հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման Վաշինգտոնի որոշման հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Տուսկը նշել է, որ անդրատլանտյան հանրության համար ամենամեծ սպառնալիքը ոչ թե արտաքին թշնամիներն են, այլ դաշինքի ներսում տեղի ունեցող գործընթացները: Նա կոչ է արել անել ամեն ինչ՝ այս «աղետալի միտումը» հետ շրջելու համար:

Լեհաստանի կառավարության ղեկավարի այս արձագանքը հետևել է Պենտագոնի որոշմանը, որի համաձայն՝ ԱՄՆ-ն նախատեսում է առաջիկա 6-12 ամիսների ընթացքում ավարտել զորքերի դուրսբերումը: ԱՄՆ ռազմական նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Պարնելը հաստատել է այս ժամկետները:

Ներկայումս Գերմանիայում տեղակայված է շուրջ 38 հազար ամերիկացի զինծառայող, ինչը ԱՄՆ զինված ուժերի ամենամեծ կոնտինգենտն է Եվրոպայում:

ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները քննարկում է Գերմանիայում տեղակայված զորքերի թիվը կրճատելու հարցը։ Նախագահը չէր նշել, թե ինչու կարող է Վաշինգտոնը նման քայլի դիմել։ Այս հայտարարությունը հաջորդել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի քննադատությանն Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության վերաբերյալ։

Leave a Comment