Բարոնուհի Քոքսը կոչ արեց ԵՄ-ին զբաղվել հայ գերիների և Արցախի ժառանգության ճակատագրով

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը բաց նամակով կոչ է արել ԵՄ առաջնորդներին անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների, ինչպես նաև Հայաստանում և Արցախում կրոնական ազատության և կրոնական ու մշակութային ժառանգության պահպանման իրավիճակի վերաբերյալ, հայտնում է Asbarez-ը։

Քոքսը նշել է, որ ռազմագերիների և պատանդների երկարատև կալանքը անհամատեղելի է իրական խաղաղության գործընթացի հետ՝ ընդգծելով, որ նրանց հետ վարվելակերպը հակասում է միջազգային չափանիշներին և արդար դատաքննության իրավունքին։

«Առանց արդարադատության խաղաղություն չի կարող լինել, և ես հույս ունեմ, որ այս խոսքերը հստակորեն հաշվի կառնվեն բոլոր նրանց կողմից, ովքեր ներգրավված են Հայաստանի ապագան ձևավորելու գործում», – ասել է Քոքսը։

Քոքսը մտահոգություն է հայտնել Հայաստանում կրոնական ազատության իրավիճակի վերաբերյալ և կոչ է արել ԵՄ-ին երրորդ երկրների հետ համագործակցելիս դիտարկել կրոնական վայրերի և մշակութային ժառանգության, այդ թվում՝ Արցախում գտնվող հուշարձանների պաշտպանությունը։ «Ես աղոթում եմ, որ Աստված շարունակի սիրել, օրհնել և պաշտպանել Հայաստանի և Արցախի ժողովրդին», – ասել է բարոնուհին։

Ապրիլի 30-ին ԵԽ-ն ընդունել էր «Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու մասին» բանաձև, որով նաև պահանջել էր արդարություն արցախահայության համար, հայ գերիների անհապաղ ազատ արձակում։ Եվրախորհրդարանը նաև կոչ էր արել Հայաստանի իշխանություններին երաշխավորել ընդդիմության իրավունքները:

Ըստ Armenia Today-ի կողմից իրականացված մոնիթորինգի՝ վերջին տարիներին Արցախում ոչնչացվել է ավելի քան 50 հուշարձան, այդ թվում՝ ավելի քան 10 եկեղեցի և մոտ 50 հուշահամալիր ու խաչքար։ 2023 թվականի հոկտեմբերին Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին։

Leave a Comment