Լևամիզոլ պարունակող դեղերը դուրս են բերվում շրջանառությունից՝ լեյկոէնցեֆալոպաթիայի ռիսկի հետևանքով


«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ստացել է տեղեկություն այն մասին, որ Դեղերի եվրոպական գործակալությունը խորհուրդ է տալիս դադարեցնել լևամիզոլ պարունակող դեղերի կիրառումը, հիմք ընդունելով Եվրոպական միությունում իրականացված առկա տվյալների ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց՝ եզրակացվել է, որ լևամիզոլ պարունակող դեղերի օգուտ–վտանգ հարաբերակցությունը այլևս բարենպաստ չէ մեծահասակների և երեխաների մոտ հելմինթոզների բուժման համար։

Ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ լևամիզոլի կիրառումը կարող է առաջացնել լեյկոէնցեֆալոպաթիա՝ հազվադեպ, սակայն լուրջ կողմնակի ազդեցություն, որը բնութագրվում է գլխուղեղի սպիտակ նյութի ախտահարմամբ։ Նշված վիճակը կարող է հանգեցնել ծանր առողջական հետևանքների և համապատասխան բուժաման բացակայության դեպքում կարող է հանգեցնել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի։

Լեյկոէնցեֆալոպաթիան կարող է զարգանալ նույնիսկ դեղի մեկանգամյա կիրառությունից հետո, իսկ կլինիկական ախտանիշները կարող են ի հայտ գալ բուժումից մի քանի ամիս անց։

Հաշվի առնելով, որ լևամիզոլը կիրառվում է հիմնականում թեթև ընթացքով հելմինթոզների բուժման համար, և առկա են այլընտրանքային հակահելմինթային դեղեր, կայացվել է որոշում՝ դադարեցնելու լևամիզոլ պարունակող դեղերի շրջանառությունը։

Հայաստանի Հանրապետությունում գրանցված են լևամիզոլ պարունակող Դեկարիս 150մգ և 50 մգ դեղահատերը (ԳՀԻ` Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ, Հունգարիա):

Ամփոփելով՝

  • Խորհուրդ չի տրվում կիրառել լևամիզոլ պարունակող դեղերը` հազվադեպ, բայց ծանր նյարդաբանական բարդության՝ լեյկոէնցեֆալոպաթիայի առաջացման ռիսկի հետևանքով

  • Լեյկոէնցեֆալոպաթիա կարող է առաջանալ դեղի նույնիսկ մեկանգամյա ընդունումից հետո, իսկ ախտանիշները՝ ի հայտ գալ ուշ՝ մինչև մի քանի ամիս անց

  • Նյարդաբանական դրսևորումները կախված են ախտահարման տեղակայությունից և կարող են ներառել ՝ մկանային թուլություն

    • խոսքի խանգարումներ 

    • խոսքի խանգարումներ

    • կոգնիտիվ խանգարումներ

    • ատաքսիա

    • պարեզներ

  • Քանի որ լեյկոէնցեֆալոպաթիայի ռիսկը նվազեցնելու արդյունավետ միջոցներ չեն հայտնաբերվել, լևամիզոլ պարունակող դեղերի օգուտ-վտանգ հարաբերակցությունն այլևս բարենպաստ չէ հելմինթային վարակների բուժման համար

  • Անհրաժեշտ է դադարեցնել լևամիզոլ պարունակող դեղերի նշանակումը և, անհրաժեշտության դեպքում, ընտրել այլընտրանքային բուժման տարբերակներ։


Leave a Comment