ԱՄՆ-ը «ավարտեց» պատերազմը․ Իսրայելը կշարունակի՞

1in.am  Մայիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի բացակայության պատճառով Սենատի նախագահի պարտականությունները կատարող Չակ Գրասլիին գրավոր ուղերձով ծանուցել է, որ Իրանի դեմ «փետրվարի 28-ին սկսված ռազմական գործողությունները ավարտված» են։


 


Նույն օրը ավարտվել է առանց Կոնգրեսի համաձայն ռազմական գործողությունների իրականացնելու նրա վաթսունօրյա իրավունքի վերջնաժամկետը։ Պատերազմը շարունակելու համար Դոնալդ Թրամփը պետք է ստանար Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի համաձայնությունը։


 


Ամենայն հավանականությամբ, Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին որոշումը Միացյալ Նահանգների նախագահը կայացրել է այն բանից հետո, երբ պատերազմի նախարար Հեգսեթը նախօրեին կոնգրեսականների կողմից գրեթե վեցժամյա «հարցաքննության է ենթարկվել» և հեռացել «ամենահոռետեսական տրամադությամբ»։


 


Ամենահամեստ հաշվարկներով՝ ԱՄՆ-ը արդեն իսկ հիսուն միլիարդ դոլար է ծախսել, և օրենսդիրները Պենտագոնի ղեկավարից իրական հաշվետվություն են պահանջել։ Ըստ ամերիկյան մամուլի, Սպիտակ տան համար «շատ դժվար է Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսական միջոցներ խնդրել, քանի որ մի քանի շաբաթ տևած ռազմական գործողությունների արդյունքները խիստ կասկածելի» են։


 


Մամուլում նույնիսկ արտահոսք է կազմակերպվել, ըստ որի՝ «Պենտագոնը ուռճացրել է Իրանին պատճառած կորուստները, հետախուզական ծառայությունները նախագահին զեկուցել են, որ Թեհրանը պահպանել է հրթիռների և արձակման հարթակների ավելի քան կեսը և շարունակում է լուրջ սպառնալիք ներկայացնել»։


 


Նման իրավիճակում ռազմական գործողությունները դադարեցնելու որոշումը ոչ միայն տրամաբանական, այլև անհրաժեշտ եւ պահանջված է։ Իրադարձությունների նման զարգացում փորձագետների զգալի մասը կանխատեսել է ավելի քան երկու շաբաթ առաջ։ Նրանք նաև ենթադրել են, որ «սև գործը կմնա Իսրայելի պատասխանատվությանը»։ Իսրայելական «Եդիոտ ահրոնոտը» երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար Թոմեր Բարի հրաժեշտի մամուլի ասուլիսից փոխանցել է նրա ընդհանրացումը, «Եթե Իրանի միջուկային ծրագրի հարցը չի լուծվում, ապա պետք է այս պատերազմը կատարյալ ձախողում համարել»։


 


Իրանի դեմ ռազմական գործողությունները ավարտված լինելու մասին Կոնգրեսին ուղերձ հղելուց առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի ներկայացրած վերջին առաջարկությունից «հիասթափված» է։ Թեհրանը իր հերթին ծանուցել է, որ բանակցությունների պատրաստ է, եթե ԱՄՆ-ը «վերջ տա սպառնալիքներին, դադարեցնի ծովային շրջափակումը և հրաժարվի առավելապաշտությունից»։


 


Ի՞նչ է հուշում պաատերազմն ավարտելու Թրամփի որոշումը։ Նախ, նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ ԱՄՆ-ը վերացնում է ծովային շրջափակումը։ Երկրորդ, Վաշինգտոնը պատրա՞ստ է Իրանի հետ բանակցությունների նոր փուլ սկսել։ Եթե այդ հեռանկարը հավանական է, ապա ինչպե՞ս է կարգավորվելու Իսրայելի «գլխավոր անհանգստության»՝ Իրանի միջուկային ծրագրի, հարցը։ Նախօրեին տեղեկություն է տարածվել, որ Իսրայելը վեցուկես հազար տոննա ընդհանուր ծավալով սպառազինություններ և ռազմական տեխնիկա է ներկրել։ Իսրայելը Իրանի դեմ հարձակումները կվերսկսի՞։


Leave a Comment