Բնակապահովման նոր քայլ․ 17 ընտանիք կստանա սեփականության իրավունք

Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի որոշման նախագիծը, որով նախատեսվում է Դիլիջան քաղաքի «Զինավան-2» հասցեում գտնվող բնակելի տարածքները նվիրատվության կարգով փոխանցել այնտեղ փաստացի բնակվող քաղաքացիներին։

Հայաստանի կառավարությունը նախատեսում է հերթական քայլն իրականացնել պետական բնակելի ֆոնդի նվիրատվության և սոցիալական բնակապահովության ծրագրերի շրջանակում։ Քննության է ներկայացվել «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող 17 բնակելի տարածք անհատույց կարգով նվիրել այնտեղ փաստացի բնակվող ընտանիքներին։

Նախագիծը վերաբերում է Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի 8 հասցեում, առավել հայտնի «Զինավան-2» տարածքում գտնվող բնակելի տնակներին, որոնք հաշվառված են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Ըստ հիմնավորման՝ բնակիչների մի մասը շուրջ երեք տասնամյակ բնակվում է այդ տարածքներում, սեփական միջոցներով վերանորոգել է բնակարանները, դարձել կոմունալ ծառայությունների բաժանորդ և փաստացի ձևավորել մշտական բնակավայր, սակայն մինչ այժմ չի ունեցել սեփականության իրավունք։

Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ընդհանուր առմամբ 61 անձից բաղկացած 17 ընտանիքի նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները։ Քաղաքացիների դիմումները Պետական գույքի կառավարման կոմիտե են ներկայացվել 2025 թվականի հոկտեմբերի 15-ին, ինչից հետո սկսվել է անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրությունն ու որոշման նախագծի նախապատրաստումը։

Ինչու է մշակվել նախագիծը

Նախագծի հիմքում դրվել է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2025 թվականի մարտի 14-ի նիստի հանձնարարականը, ինչպես նաև պետական հանրակացարանային և բնակելի ֆոնդի նվիրատվության գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը։

2025 թվականի ապրիլի 17-ին վարչապետի աշխատակազմում անցկացված աշխատանքային քննարկման ընթացքում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ քննարկել են Դիլիջանի «Զինավան-2» հասցեում գտնվող բնակելի տարածքների սեփականաշնորհման հարցը։ Արդյունքում ընտրվել է իրավական լուծման այն տարբերակը, որով փոփոխություններ են կատարվել կառավարության համապատասխան որոշումներում՝ հնարավորություն ստեղծելով տվյալ բնակելի տարածքները նվիրատվության կարգով տրամադրել բնակիչներին։

Այդ նպատակով արդեն ընդունվել է նաև 2025 թվականի օգոստոսի 21-ի N 1180-Ն որոշումը, որով լրացումներ և փոփոխություններ են կատարվել 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման մեջ։ Վերջինս կարգավորում է պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և հանրակացարանային ֆոնդի սեփականաշնորհման ընթացակարգերը։

Սոցիալական խնդիրների լուծում և պետական գույքի արդյունավետ կառավարում

Հիմնավորման մեջ ընդգծվում է, որ նախագծի ընդունումը միաժամանակ լուծում է մի քանի խնդիր։ Նախ՝ բարելավվում են բնակիչների սոցիալական և կենցաղային պայմանները՝ մարդկանց տրամադրելով սեփականության իրավունք։ Բացի այդ, իշխանությունները ակնկալում են, որ սեփականության իրավունքի ձեռքբերումը խթան կհանդիսանա բնակիչների համար՝ ավելի մեծ պատասխանատվությամբ պահպանելու և վերանորոգելու բնակելի տարածքները։

Կառավարությունում նաև նշում են, որ նախագիծը նպաստում է պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացմանը և համապատասխանում է 2021-2026 թվականների կառավարության ծրագրի այն դրույթներին, որոնք վերաբերում են հանրակացարանային բնակելի ֆոնդի նվիրատվության և սեփականաշնորհման գործընթացի ավարտին։

Լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի վրա լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջանա։ Հիմնավորման համաձայն՝ պետական և համայնքային բյուջեներում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում, ինչպես նաև անհրաժեշտություն չի առաջանա այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու։

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից և արդեն համաձայնեցվել է պաշտպանության նախարարության հետ։

Կառավարությունում համոզված են, որ նախաձեռնությունը կդառնա բնակարանային խնդիրների լուծման հերթական քայլերից մեկը՝ հատկապես այն ընտանիքների համար, որոնք տարիներ շարունակ բնակվել են պետական ֆոնդի տարածքներում՝ առանց սեփականության իրավունքի։

Leave a Comment