Ընտրակաշառքներին ու պետական հովանավորչությանը շատ վատ վերաբերմունք ունեմ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Ընտրություններից մեկ ամիս առաջ 30 000 դրամ բաժանել մի հիմնարկի, հետո մարդկանց տարբեր աշխատանքներ խոսք տալ՝ շա՛տ վատ վերաբերմունք ունեմ, ՀԷՑ-ում նշանակել ձայն բերելու համար մարդկանց՝ շա՛տ վատ վերաբերմունք ունեմ։ Ես ընտրակաշառքներին, պետական հովանավորչությանը շատ վատ վերաբերմունք ունեմ»,- շեշտել է նա։
Նրա պնդմամբ՝ կուսակցության քարոզիչ գրանցելու խոսակցություններն իրավապահները ներկայացվում են որպես կաշառքի առաջարկ։
«Իմ գործընկերները պատասխանել են այդ հարցին, վստահ եղեք, եթե այդպիսի բան լիներ Հայաստանում այս իրավիճակում, իշխանությունները դա կօգտագործեին 50 անգամ ավելի թնդացնելով։ Կա քարոզիչներ գրանցելու օրենքով սահմանված սահմանադրական իրավունք, որը իրացվում է բոլորի կողմից։ Թո՛ղ սխալ տեղեկատվություն չտան»,- նշել է նա։
Մարտի 30-ից իրավապահներն «Ուժեղ Հայաստանի» անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին հաղորդումներ էին տարածել: Կուսակցությունում այդ մեղադրանքներն անհիմն էին անվանել և կատարվածը գնահատել որպես քաղաքական հետապնդում։
Ապրիլիլին բերման էին ենթարկվել կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Ղումաշյանին մեղադրել էին ենթադրյալ ընտրակաշառքի, իսկ Ստեփանյանին՝ ընտրողներին ակցիայի մասնակցելու հարկադրանքի հոդվածներով։ Նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառվել։ «Ուժեղ Հայաստանի» անվտանգության ծրագրերի բաժնի ղեկավար և համակարգող Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, 2 ամսով կալանավորվել էր ապրիլի 27-ին՝ ենթադրաբար ընտրակաշառք խոստանալու մեղադրանքով։ Նա հացադուլ էր հայտարարել։
