Չինաստանը խոստացել է պատասխանել հեռահաղորդակցության ոլորտում ԱՄՆ-ի նոր uահմանափակումներին




tert.am Չինաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները ազգային ձեռնարկությունների պաշտպանության համար, եթե ԱՄՆ-ը նոր սահմանափակումներ մտցնի հեռահաղորդակցության ոլորտում։ Այս մասին ասված է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


 


«Եթե ամերիկյան կողմը պնդի իր որոշումը, Չինաստանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ չինական ձեռնարկությունների օրինական իրավունքներն ու շահերը հաստատակամորեն պաշտպանելու համար»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։


 


Առևտրի նախարարությունը կոչ է արել Վաշինգտոնին անհապաղ հրաժարվել սխալ գործելակերպից, հարգել շուկայական կանոնները և չեղարկել համապատասխան որոշումները։ Նախարարությունում նշել են, որ ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովը հրաժարվել է տեխնոլոգիական չեզոքության սկզբունքից և չարաշահում է ազգային անվտանգության հայեցակարգը։


 


Նոր միջոցները, ըստ Չինաստանի գնահատականի, առանց ապացույցների խտրականություն են դրսևորում Չինաստանի և այլ երկրների ընկերությունների նկատմամբ, ինչպես նաև սպառնում են խաթարել էլեկտրոնիկայի մատակարարման համաշխարհային շղթաների կայունությունը։


Leave a Comment