ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի դատախազները քրեական մեղադրանք են ներկայացրել փոփ աստղ Բրիթնի Սփիրսի դեմ՝ անցած ամիս նրա ձերբակալությունից հետո։ Ըստ իրավապահների՝ 44-ամյա երգչուհին մարտի 4-ին իր BMW-ն վարել է անկանոն և մեծ արագությամբ, ինչի հետևանքով կանգնեցվել ու ձերբակալվել է։
Սփիրսին մեղադրում են ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարելու համար։ Դեպքից հետո, ըստ տեղեկությունների, նա ինքնակամ դիմել է վերականգնողական բուժման կենտրոն։ Նրա ներկայացուցիչները տեղի ունեցածը բնութագրել են որպես ամբողջությամբ աններելի քայլ։ Դատարանի առաջին նիստը նշանակված է հաջորդ երկուշաբթի, սակայն քանի որ մեղադրանքը համարվում է թեթև, երգչուհու անձնական ներկայությունը պարտադիր չէ։
Բրիթնի Սփիրսը, ով համաշխարհային փոփ մշակույթի ամենահայտնի անուններից է՝ Baby One More Time, Toxic, Gimme More և Womanizer”հիթերով, վերջին տարիներին բազմիցս հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում՝ անձնական կյանքի բարդությունների պատճառով։
