«Արցախը Հայաստան է» գոռացողն արդարացնում է հոգևոր ցեղասպանությունը․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կոշտ քննադատությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Արցախին վերաբերող հայտարարություններին և քաղաքական մոտեցումներին։

Նա նշել է, որ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» արտահայտությունը հնչեցնողներն այսօր, իր ձևակերպմամբ, արդարացնում են նույն Արցախում տեղի ունեցող մշակութային և հոգևոր արժեքների ոչնչացումը։

Աբրահամյանի խոսքով՝ նույն շրջանակները նաև պնդում են, թե հազարամյակներով Արցախում ապրած հայերն իրենց տները վերադառնալու իրավունք չունեն։

Պատգամավորը հավելել է, որ այդ նույն մոտեցման կրողներն այժմ Արցախը ներկայացնում են որպես Հայաստանի անվտանգության սպառնալիք և, իր գնահատմամբ, պայքարում են հայկականության հետ առնչվող ցանկացած դրսևորման դեմ։

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին տաճարն ամբողջությամբ ավերվել էր։ Ադրբեջանցիները նաև վնասել էին Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը և նախկինում հրապարակել էին «Մենք ենք, մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանի լուսանկարներ՝ արձանագրություններով, որոնք հուշում էին տալիս այն ոչնչացնելու իրենց մտադրությունը։

Ըստ Armenia Today-ի կողմից իրականացված մոնիթորինգի՝ վերջին տարիներին Արցախում ոչնչացվել է ավելի քան 50 հուշարձան, այդ թվում՝ ավելի քան 10 եկեղեցի և մոտ 50 հուշահամալիր ու խաչքար։ 2023 թվականի հոկտեմբերին Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին։

Leave a Comment