«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել պետական համակարգում պարգևավճարների և լրավճարների բաշխման վերաբերյալ հայտարարությամբ՝ ընդգծելով արդար և օրենքով կարգավորված մեխանիզմների անհրաժեշտությունը։
Նա նշել է, որ անընդունելի է գործող իրավիճակը, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն ստանում են մի քանի միլիոն դրամի հասնող պարգևավճարներ, մինչդեռ նույն համակարգի այլ աշխատակիցների բաժին են հասնում ընդամենը տասնյակ հազարավոր դրամներ։
«Չի կարող լինել այնպես, որ նախարարն ստանա 7-8 միլիոն դրամ պարգևավճար, իսկ այլ աշխատակիցներ՝ 20-50 000, 100 հազար դրամ»,- գրել է նա։
Ծառուկյանի խոսքով՝ պարգևավճարների թեման վերաբերում է ոչ միայն պաշտոնյաներին, այլև պետական համակարգում աշխատող տասնյակ հազարավոր քաղաքացիներին և նրանց ընտանիքներին։ Նա ընդգծել է, որ տարիների ընթացքում մարդիկ ձևավորել են իրենց ֆինանսական պարտավորությունները, հաճախ վերցրել են վարկեր, և ցանկացած կտրուկ փոփոխություն կարող է սոցիալական լարվածություն առաջացնել։
«Պետական համակարգի աշխատողները պետք է ունենան ինչպես բարձր աշխատավարձ, այնպես էլ պարգևավճարներ և սոցիալական լուրջ երաշխիքներ։ Սակայն այդ ամենը պետք է լինի արդար բաշխված»,- նշել է նա։
Ծառուկյանը քննադատել է այն պրակտիկան, երբ պարգևավճարների բաշխումը կախված է մեկ անձի կամայականությունից՝ ընդգծելով, որ նման մոտեցումն անթույլատրելի է։ Նրա կարծիքով՝ պարգևավճարների տրամադրման կարգը պետք է հստակ ամրագրված լինի օրենքով և կիրառվի բոլորի նկատմամբ հավասար պայմաններով։
Նա նաև շեշտել է, որ պետական համակարգը պետության հիմքն է, և դրա արդյունավետ աշխատանքը կարող է էապես փոխել քաղաքացիների վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ Այդ նպատակով, ըստ նրա, անհրաժեշտ է ապահովել պետական ծառայողների արժանապատիվ եկամուտ և պաշտպանվածություն՝ զերծ պահելով նրանց քաղաքական փոփոխությունների հետևանքով հնարավոր կադրային ցնցումներից։
Ծառուկյանի գնահատմամբ՝ պետական ծառայողների համակարգը չպետք է դառնա քաղաքական կամ անձնական շահերի գործիք, այլ պետք է գործի կայուն և կանխատեսելի կանոններով։
ԶԼՄ-ների տվյալներով՝ 2025-ի դեկտեմբերին նախարարներն ու նրանց տեղակալներն ստացել էին միլիոնավոր դրամների պարգևավճարներ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունվարին հաստատել էր, որ ստացել է 6-7 մլն դրամ պարգևավճար։ Փաշինյանը 2026-ի հունվարին հայտարարել էր, որ իր ամսական վարձատրության ավելացումը կազմել է մոտ 1,5 մլն դրամ։
Կառավարությունը մարտի 12-ի նիստում պետաշխատողների պարգևավճարների համար 4,6 մլրդ դրամ հատկացնելու որոշում էր ընդունել։
