Պետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ Ծառուկյան

Հասարակության տարբեր խմբեր զգացմունքային և իրարամերժ կարծիքներ են արտահայտում պաշտոնյաներին և պետական ծառայողներին տրվող պարգևավճարների շուրջ։ Այս թեման, բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, վերաբերում է պետական համակարգում աշխատող տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների, նրանց ընտանիքներին, և առնչվում է սոցիալական հարցերի մի լայն շրջանակի, որը կարևոր է և պետք է հաշվի առնել։ Տարիների ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ սեփական ծախսերի հաշվարկ են ձևավորել, շատերը վարկեր են վերցրել, և հնարավոր քաղաքական փոփոխությունները նրանցից շատերի համար որքան ցանկալի են, նույնքան էլ ներքին լարվածություն են ստեղծում։

 

Միևնույն ժամանակ, պետք է գործի պարգևավճարների և լրավճարների արդար բաշխման հստակ մեխանիզմ։ Չի կարող լինել այնպես, որ նախարարը ստանա 7-8 միլիոն դրամ պարգևավճար, իսկ նույն նախարարության կամ համակարգի այլ աշխատակիցներ՝ 20-50 հազար, 100 հազար դրամ։ Չի կարող ուսուցիչը ստանալ 120 000 դրամ աշխատավարձ, երբ նախարարը ստանում է միանգամից մի քանի միլիոն դրամ պարգևավճար։ Սա շատ անարդար է։
Պետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը։ Պետական համակարգը պետք է ունենա արժանավայել եկամուտներ (այդ՝ թվում պարգևավճարներով), որպեսզի չնայի այլ կողմ, որևէ մեծահարուստի ձեռքին, կամ ուշքն ու միտքը չլինի իր անձնական պրոբլեմների շուրջ։

Ամենակարևորը՝ պետական համակարգի աշխատողները պետք է լինեն պաշտպանված, որպեսզի որևէ նոր իշխանություն չգա ու կադրային ջարդ անի՝ «մերոնքականներին» կամ իր կուսակցականներին աշխատանքի տեղավորելով։ Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին։

 

Leave a Comment