Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկեր են մշակվում՝ ի պատասխան պաշտոնական Երևանի վերջին շրջանի գործողությունների, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Որպես հակառուսական քայլ Մոսկվան դիտարկում է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Հայաստան։
Ըստ պարբերականի՝ ռուսական կողմի նախատեսած սահմանափակումները ներառում են արգելքներ Հայաստանից սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի և ծաղիկների ներկրման հարցում:
Հանքարդյունաբերության ոլորտում Մոսկվան նախատեսում է դադարեցնել որոշ ապրանքատեսակների, մասնավորապես՝ մոլիբդենային հանքաքարի և դեկորատիվ քարերի գնումը, նշել է թերթը։
Ըստ պարբերականի՝ առավել ռիսկային է համարվում Մեծամորի ատոմակայանի միջուկային թափոնների ուտիլիզացման վերաբերյալ համաձայնագրերի վերանայումը, ինչը կարող է Հայաստանին կանգնեցնել էկոլոգիական աղետի առաջ, քանի որ երկրում չկան դրանց ուտիլիզացման համար անհրաժեշտ պայմաններ:
Պարբերականի տեղեկություններով, բացի այդ, դիտարկվում են անհատական պատժամիջոցներ հայ գործարարների և պետական ծառայողների նկատմամբ, ենթադրվում են անշարժ գույքի ու ֆինանսական ակտիվների սահմանափակումներ, մուտքի արգելք և արտաքսումներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 1-ին կայացած հանդիպումից հետո վարչապետը հայտարարել էր, որ բանակցությունները կառուցողական էին։ Սակայն բիզնեսը, հասարակական շրջանակները և ԶԼՄ-երը արձանագրում են, որ Մոսկվան փոխել է իր վերաբերմունքը։ Մասնավորապես, ՌԴ-ում ապրիլի 12-ին վերսկսվել էր «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո Օլեգ Գուսովի մահվան գործի քննությունը, մի քանի անգամ կասեցվել է հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքը։
Կարդացեք նաև՝
