Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենսդրական փաթեթին

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Այն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Փոխնախարարը նշել է, որ գործող «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն՝ ոչ անտառային հողերում իրականացվող անտառապատման ծրագրերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության, որի դեպքում որպես Բ կարգի նախատեսվող գործունեության տեսակ, սահմանված է պետական տուրք՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով: Պահանջը կարող է լրացուցիչ ֆինանսական բեռ հանդիսանալ անտառապատման ծրագրերի նախաձեռնողների համար եւ որոշ դեպքերում խոչընդոտել ծրագրերի իրականացմանը:

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի իրականացման համար պետական տուրքի վճարումից ազատել նախաձեռնողին՝ Բ կարգում ներառվող անտառապատման գործունեության փաստաթղթերի փորձաքննության համար:

Փոխնախարարը փոփոխության ընդունումը կարեւորել է նաեւ հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք COP 17-ի համատեքստում:

Արա Մկրտչյանը նշել է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում առաջարկվում է ամրագրել դրույթ, ըստ որի՝ փորձաքննության ենթակա չեն գոյություն ունեցող պետական կամ համայնքային ենթակայությամբ դպրոցներին եւ պետական կամ համայնքային ենթակայությամբ մանկապարտեզներին ամրացված հողամասերում կամ դրանց սահմանակից հողամասերում նախատեսվող նոր դպրոցի կամ մանկապարտեզի կառուցումը կամ գոյություն ունեցող դպրոցի կրթահամալիրի կամ դպրոցի  մարզադահլիճի, ճաշարանի, հանդիսությունների դահլիճի կամ մանկապարտեզի վերակառուցումը կամ հիմնանորոգումը: Նման դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ դիրքորոշումը լիազոր մարմինը ներկայացնում է ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ժամանակ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: Հարցը քննարկվել է ապրիլի 30-ի նիստում:

Leave a Comment