Էնրիկեն նշել է, թե պատասխան խաղում քանի գոլ պետք է խփի ՊՍԺ-ն «Բավարիային»՝ եզրափակիչ դուրս գալու համար

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 2025/26 մրցաշրջանի կիսաեզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպումից սպասելիքներով: Վճռորոշ խաղը կկայանա մայիսի 6-ին՝ Մյունխենում:

​«Ես հարցրի մարզչական շտաբի անդամներին, թե քանի գոլ պետք է խփենք հաջորդ շաբաթ, և մենք բոլորս համակարծիք ենք, որ անհրաժեշտ կլինի առնվազն երեք անգամ գրավել մրցակցի դարպասը: Իհարկե, «Բավարիան» կխաղա իր մարզադաշտում՝ երկրպագուների աջակցությամբ, և էլ ավելի վտանգավոր կդառնա: Սակայն այնտեղ վերադառնալը մեզ մոտ հիանալի հուշեր է արթնացնում: Մենք ցանկանում ենք պահպանել նույն տրամադրվածությունը և խաղադաշտ դուրս կգանք միայն հաղթելու նպատակով»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է RFI պարբերականը:

Փարիզում կայացած կիսաեզրափակիչի առաջին հանդիպումն ավարտվել էր դաշտի տերերի՝ ՊՍԺ-ի հաղթանակով՝ 5-4 հաշվով:

Leave a Comment