ՍԱՏՄ-ն սեփական նախաձեռնությամբ ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում

Սննդի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպում», Armenia Today-ին հայտնեց մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը: 

«ՍԱՏՄ-ն իր նախաձեռնությամբ վերահսկողություն է սկսել «Ջերմուկ գրուպում»-ի իրացման ցանցից և արտադրությունից կվերցվեն նմուշներ ու կտրվեն լաբորատոր փորձաքննության»,- ասաց նա։

Հարությունյանը տեղեկացրեց, որ արդյունքներն կհրապարակվեն 5-7 օր անց, նշելով, որ ստուգումները սեփական նախաձեռնությամբ են սկսել։ Նա հավելել է, որ որևէ գրություն 1,1 մլն շշի վաճառքի կասեցնելու մասին ծանուցում հայկական կողմը ՌԴ կարգավորողից չի ստացել:

Ռուսական պետական «Չեստնի զնակ»  համակարգը ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի հանձնարարությամբ կասեցրել էր «Ջերմուկ» հանքային ջրի մոտ 1,1 մլն շշի վաճառք։ Ապրիլի 28-ին նույն համակարգի միջոցով արգելվել էր «Ջերմուկի» 338 շիշ ապրանքի վաճառք, որի պատճառը, ըստ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, «պարտադիր պահանջների խախտումներն» են։

Ռուսաստանում 2024 թվականին արդեն կասեցվել էր «Ջերմուկի» 2,5 մլն շշի վաճառք, երբ Հյուսիսային Օսիայի բնակիչը, ըստ նրա ընտանիքի ու քննիչների վարկածի, թունավորվել էր իր շշում հայտնված քացախաթթվից։

Leave a Comment