Լոնդոնի սրտում՝ Սենթ Ջեյմս շրջանում, հայտնվել է խոշոր մի նոր արձան, որի վրա նկատելի է փողոցային խորհրդավոր նկարիչ Բենքսիի ստորագրությունը։ Ստեղծագործությունն առաջացրել է մեծ աղմուկ ու ենթադրություններ՝ արդյո՞ք այն հենց նրա նոր աշխատանքն է։ Արձանը պատկերում է կոստյումով մի տղամարդու, որն առաջ է քայլում՝ կարծես իջնելով պատվանդանից։ Մի ձեռքով նա պահում է դրոշ, որը միաժամանակ ծածկում է նրա դեմքը՝ ստեղծելով խորհրդավոր ու սիմվոլիկ կերպար։
Արձանի պատվանդանի ստորին մասում գրված է «Բենքսի» անունը, ինչն էլ ավելի է թեժացրել քննարկումները՝ արդյո՞ք սա իրականում նրա գործն է։ Սակայն նկարիչն ինքը դեռ չի հաստատել իր հեղինակությունը։ Բենքսին, որի իրական ինքնությունը պաշտոնապես անհայտ է, հայտնի է փողոցային արվեստի իր «ստենսիլ» (կաղապարային) ոճի աշխատանքներով, որոնք հաճախ քաղաքական ու սոցիալական ենթատեքստ ունեն։ Նոր արձանը Լոնդոնը կրկին վերածել է փողոցային արվեստի կենտրոնի՝ հարց բարձրացնելով. սա պարզապես արվեստ է՞, թե՞ հերթական գաղտնի ուղերձը։
