ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի տեղեկացմամբ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժ մեջ է մտել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որում առկա բազմաթիվ նորամուծություններն ու համալիր կարգավորումները կոչված են լուծել ոլորտում կուտակված վարութային խնդիրները, բարձրացնել ենթադրյալ հանցանքների քննության ընթացակարգի որակը, ապահովել քրեական վարույթի իրականացման առավել արդյունավետ կարգի կիրառումը՝ այն զուգորդելով անձի իրավունքների եւ ազատությունների ուժեղացված պաշտպանության հետ:
Օրենսգրքի կիրառության ընթացքում ի հայտ են եկել խնդիրներ, որոնք պահանջում են օրենսդրական հստակեցումներ եւ լրացումներ:
Այդ խնդիրների վերհանման նպատակով իրականացված մշտադիտարկման արդյունքներով շահագրգիռ մարմիններից ստացվել են տվյալներ Քրեական, Քրեական դատավարության եւ Քրեակատարողական նոր օրենսգրքերի կիրառման ընթացքում գործնականում առավել հաճախ ծագած խնդիրների վերաբերյալ, որոնց լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռնամուխ լինել համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացմանը:
Նախագծով վերացվում են գործնականում ի հայտ եկած իրավական անորոշությունները: Հստակեցվում են պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով վարութային գործողություններն ամրագրելու եղանակները, նախատեսվում է հոգեբանին բացարկելու, գրավադրված անշարժ գույքը համարժեք այլ գույքով կամ գումարով փոխարինելու, գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարելու հնարավորություն, հստակեցվում են նաեւ բացառիկ վերանայման վարույթով որոշ լիազորություններ:
Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:
Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
Նախագիծը քննարկվել է հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի հերթական նիստում: