ԵՄ անդամակցությունը ինքնանպատակ չէ Վրաստանի համար. Պապուաշվիլի – armeniatoday.am

Վրաստանը չի ընտրի եվրաինտեգրման այնպիսի ուղի, որը ենթադրում է ինքնիշխանության կորուստ կամ տարածքային զիջումներ, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայի կամ Մոլդովայի պարագայում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Ես ուզում եմ ասել բոլորին՝ Եվրամիությանը՝ Բրյուսելին և Վրաստանում նրանց արբանյակներին՝ եվրաինտեգրման ուկրաինական կամ մոլդովական ուղին վրացական ուղի չէ։ Վրաստանը երբեք չի ընտրի այն ճանապարհը, որը նշանակում է անդամակցություն ԵՄ-ին տարածքային զիջումների կամ պետականության չեղարկման գնով»,- նշել է Պապուաշվիլին։

Խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ Եվրամիությանը անդամակցելը Վրաստանի համար «ինքնանպատակ չէ», եթե դրա համար անհրաժեշտ լինի հրաժարվել ազգային ինքնությունից կամ սեփական քաղաքականությունը որոշելու իրավունքից։

Պապուաշվիլին իր խոսքում հղում է արել Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Ֆրիդրիխ Մերցի հայտարարությանը, ըստ որի՝ Ուկրաինան հնարավոր է՝ ստիպված լինի տարածքային զիջումների գնալ ԵՄ-ին մոտենալու համար։ Նա նաև հիշատակել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի վերջին հայտարարությունները՝ Ռումինիայի հետ միավորվելու վերաբերյալ, որը դիտարկվում է որպես Եվրամիություն մտնելու կարճ ճանապարհ։

«Եթե ԵՄ անդամակցությունը դառնում է ինքնանպատակ, դա նշանակում է, որ դու պետք է զոհաբերես քո պետական ինքնիշխանությունը։ Մենք չենք կարող զիջել մեր տարածքները, ինքնիշխանությունն ու ինքնությունը հանուն այդ նպատակի»,- հավելել է քաղաքական գործիչը։

Չնայած Թբիլիսին հայտարարում է, որ շարունակում է հետևել եվրաինտեգրման ուղուն, սակայն փետրվարին Պապուաշվիլին մեղադրել էր ԵՄ-ին «գաղութային մտածելակերպի» և շանտաժի մեջ՝ հավելելով, որ իրենց անդակմակցությունը ԵՄ-ին ինքնանպատակ չէ։

Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասն ապրիլի 22-ին հայտարարել էր, որ միության 26 անդամ պետություններ պատրաստ են աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը, սակայն մեկ երկիր արգելափակում է այդ գործընթացը։

Leave a Comment