Արցախում վնասվել է Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը – armeniatoday.am

Ադրբեջանցիները կոտրել են Արցախի Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը։ Мonumentwatch-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատել է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զբաղվող փորձագետ Հովիկ Ավանեսովը՝ հղում անելով ադրբեջանական սոցցանցերում տարածված տեսանյութին։

Կայքի փոխանցմամբ՝ սա սրբավայրի թիրախավորման առաջին դեպքը չէ։ Դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 30-ին իրականացված մշտադիտարկման շրջանակներում արձանագրվել էին եկեղեցու պարբերական վնասումներ, մասնավորապես՝ կոտրված պատուհաններ և կառույցի պատերին առկա կրակահերթերի հետքեր։

Եկեղեցին գտնվում է քաղաքի Ազատամարտիկների և Լեոնարդ Պետրոսյան փողոցների հատման մասում։ Այն ունի խաչաձև հորինվածք՝ քառանկյուն հիմքով և բրգաձև տանիքով գմբեթ, որի գագաթին տեղադրված խաչն այժմ հեռացված կամ կոտրված է։

Մասնագետները նշել են, որ նման գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի մի շարք նորմեր։

Ադրբեջանը, որն Արցախն օկուպացնելուց հետո վանդալիզմի է ենթարկում հայկական մշակութային ժառանգությունը, ապրիլին ավերել էր նաև Արցախի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 23-ին անդրադառնալով Ստեփանակերտի մայր տաճարի քանդմանը, հայտարարել էր, որ չի պատրաստվում այդ հարցը դարձնել միջազգային քննարկումների թեմա։

Leave a Comment