«Պետրոս Ղազարյանն իշխող ուժի քարոզիչն է․ իրենց համար Ադրբեջանն ամենակարող է»․ Տաթևիկ Հայրապետյան

«Պետրոս Ղազարյանն իշխող ուժի քարոզիչն է․ իրենց համար Ադրբեջանն ամենակարող է»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիտեցի Արման Թաթոյանի և Պետրոս Ղազարյանի բանավեճը․ դա զրույց չէր, հարցազրույց չէր, հստակ բանավեճ էր։
Ինչևէ, բացի նկարի հետ կապված դրվագից, որը Պետրոս Ղազարյանն ակնհայտորեն չէր սպասում, ինձ համար առավել հետաքրքրական էր ռազմական ծախսերի և զսպման մեխանիզմի հետ կապված հատվածը։ Արման Թաթոյանը, ի հեճուկս առկա հանձնվելու քաղաքական քարոզի, բերում է օրինակներ, երբ ռազմական բյուջեներում եղած բավական ակնառու տարբերություններով պետությունները կարողանում են զսպել թվացյալ առավել ուժեղ հակառակորդին։ Խոսում է Իրան vs ԱՄՆ, Իրան vs Սաուդյան Արաբիա օրինակների մասին։ Պետրոսն այս պահին առավել ագրեսիվ է ընդհատում Թաթոյանին, քանի որ նման օրինաչափություններն անհարմար են․ Հ1-ի լսողը չպետք է իմանա, որ կարելի է դիմակայել։ Քանի որ Պետրոս Ղազարյանն ընդամենն իշխող ուժի քարոզիչն է և նրանց թեզերն է բարձրաձայնում, այս բանավեճից ևս մեկ անգամ համոզվեցի, որ այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ իրենք երբեք չեն կարող ու չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է փոխզսպել Ադրբեջանին, իրենց ուղեղում Ադրբեջանն ամենակարող է։
Լավ, եթե դա է տրամաբանությունը, եթե մենք որևէ կերպ չենք կարող ռազմական առումով դիմակայել Ադրբեջանից եկող սպառնալիքներին, ապա ինչո՞ւ է բանակ պահվում առհասարակ․ ցրեք, թող գնա, մեկ է՝ դուք այն անկարող եք համարում։ Ինչո՞ւ եք զենք գնում, եթե չեք կարող դիմակայել, և ի վերջո՝ ո՞ւմ է ուղղված մայիսի 28-ին նախատեսվող ցուցադրությունը, ի՞նչ նպատակ ունի զենքեր ցուցադրել, եթե դուք ձեր ուղեղում հանձնվել եք Ադրբեջանի գոյություն չունեցող ողորմածությանը։
Որպես ընտրող և գիտակից քաղաքացի՝ ես հենց նման բովանդակություն եմ ուզում լսել, թե ով ինչ ծրագիր ունի Ադրբեջանին փոխզսպելու, քանի որ ով իմանա, չիմանա՝ ես լավ գիտեմ, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ մշակում է հստակ զավթողական ու վտանգավոր ծրագրեր։ Դրանց դիմակայել է պետք, քննարկումներն էլ պետք է լինեն որակյալ։ Արման Թաթոյանին և այլ ընդդիմադիրների հորդորում եմ շատ խոսել այդ թեմաներով»։

Leave a Comment