Կառավարությունը երկարաձգել է ԱՊՀ երկրներից և Վրաստանից ժամանած վարորդների՝ Ռուսաստանում ժամանակավոր մնալու ժամկետը՝ դարձնելով մինչև 180 օր, տեղեկանում ենք իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Ըստ նախագծի՝ նոր կարգավորումը վերաբերում է միջազգային ճանապարհային տրանսպորտով զբաղվող և Ռուսաստան առանց վիզայի ժամանող վարորդներին։ Նրանց թույլատրվում է օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ մինչև 180 օր մնալ՝ համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում։
Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ էին մտել նոր կանոններ, որոնց համաձայն՝ առանց վիզայի երկրների այն քաղաքացիները, ովքեր երկիր են մուտք գործում ոչ աշխատանքի համար, կարող են երկրում գտնվել տարեկան ոչ ավելի, քան 90 օր: Նախկինում առավելագույն ժամկետը 180 օր էր: Այս սահմանափակումները տարածվում են նաև բեռնատարների վարորդների վրա՝ առանց բացառությունների: ՌԴ-ում գտնվելու ժամկետների խախտումը ենթադրում է 3-10 տարվա ՌԴ մուտքի արգելք:
ՀՀ կառավարությունը բանակցություններ էր վարել ՌԴ գործընկերների հետ, քննարկել նաև Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։
